Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Բեռլինի միջազգային 60-րդ կինոփառատոնը


Գերմանիա -- Բեռլինի փառատոնի ազդագրերը, 08-ը փետրվարի, 2010թ.
Գերմանիա -- Բեռլինի փառատոնի ազդագրերը, 08-ը փետրվարի, 2010թ.

Չինական «Միասին` միմյանցից հեռու» ֆիլմի ցուցադրությամբ հինգշաբթի օրը կբացվի Բեռլինի միջազգային 60-րդ կինոփառատոնը։ Չինական ֆիլմի գլխավոր հերոսը 60 տարվա բացակայությունից հետո վերադառնում է հայրենի Շանհայ` հանդիպելով մանկության ընկերների եւ առաջին սիրո հետ։

Ֆիլմի 54 ամյա հեղինակ Վանգ Կուանանը Բեռլինի փառատոնի վետերաններից է։ Երեք տարի առաջ նրա նախորդ ֆիլմը` «Տույայի հարսանիքը», Բեռլինում գլխավոր մրցանակի էր արժանացել։

Բեռլինալեի ամենից սպասված իրադարձությունները համաշխարհային կինոյի երկու դասականների` Ռոման Պոլանսկու եւ Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմների ցուցադրությունն է լինելու։

Սկորսեզեի Shutter Island ֆիլմում գլխավոր դերերը կատարում են հոլիվուդյան այնպիսի աստղեր` ինչպիսիք են Lեոնարդո դի Կապրիոն եւ Բեն Քինգսլին։Ֆիլմի գործողությունները ծավալվում են նախորդ դարի 50-ականներին` Բոստոնից ոչ հեռու գտնվող կղզիներից մեկում։ Այստեղ երկար տարիներ տեղակայված է եղել խիստ բարքերով հայտնի հոգեբուժարանը, որտեղ բացառապես կրկնահանցագործներ են պահվել։

Ֆիլմը, որ Բեռլինի 60-րդ փառատոնին կներկայացնի Ռոման Պոլանսկին, կոչվում է «Անանուն հեղինակը»։ Կինոնկարի գլխավոր հերոսը Բրիտանացի մի արձակագիր է, որին հանձնարարված է գրական մշակման ենթարկել երկրի նախկին վարչապետ Ադամ Lանգի հուշերը։ Նախկին պաշտոնյայի եւ արձակագրի հարաբերությունները սրվում են, երբ ֆիլմի գլխավոր հերոսը սկսում է բացահայտել Lանգի անցյալի մութ էջերը։

Պոլանսկին իր նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերային ներկա չի լինի։ Նա շարունակում է մնալ Շվեյցարիայում` տնային կալանքի տակ։

Հետխորհրդային տարածքը Բեռլինի փառատոնում այս տարի ներկայացնում է մոսկվացի ռեժիսոր Ալեքսեյ Պոպոգրեբսկին։ Նրա «Ինչպես ես անցկացրեցի անցած ամառը» ֆիլմը պատմում է Չուկոտկայում աշխատող օդերեւութաբանների մասին։

«Այս ֆիլմը երկու տղամարդկանց մասին է։ Նրանցից յուրաքանչյուրն ուրույն հարաբերություններ ունի ժամանակի եւ բնության հետ։ Նրանից մեկը բեւեռախուզյների կայանում ապրել է գրեթե 10 տարի, մյուսն ընդամենը երկու ամիս։ Եթե բնութագրելու լինեմ կինոնկարի ժանրը, ապա կարող եմ ասել` սա հոգեբանական թրիլեր է», - նշում է Ալեսքեյ Պոպոգրեբսկին։

Բեռլինի փառատոնի մրցութային ծրագրի լավագույն ֆիլմերը կորոշի հեղինակավոր ժյուրին, որը ղեկավարելու է հայտնի գերմանացի ռեժիսոր Վերներ Հերցոգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG