Մատչելիության հղումներ

Դեյվիդ Միլիբենդ. «Մեծ Բրիտանիան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի նախագահի ջանքերը»


Մեծ Բրիտանիա -- Սերժ Սարգսյանը Բուքինհեմյան պալատում հանդիպում է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ, Լոնդոն, 10-ը փետրվարի, 2010թ.

Մեծ Բրիտանիա -- Սերժ Սարգսյանը Բուքինհեմյան պալատում հանդիպում է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ, Լոնդոն, 10-ը փետրվարի, 2010թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի, արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի եւ Արքայազն Չարլզի հետ։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, մասնավորապես, ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի նախագահի ջանքերը եւ նշել, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է այդ գործընթացին:

Մեծ Բրիտանիա -- Հայաստանի նախագահի հանդիպումը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի հետ, Լոնդոն, 10-ը փետրվարի, 2010թ.
Այսօր ավարտվում է Նախագահ Սերժ Սարգսյանի եռօրյա աշխատանքային այցը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Երեկ նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել Լոնդոնում: Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթից հետո Սերժ Սարգսյանը Բուքինհեմյան պալատում հանդիպել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ։

Այնուհետեւ նախագահ Սերժ Սարգսյանը լոնդոնյան իր կեցավայրում ընդունել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդին: Ինչպես փոխանցում է նախագահի մամուլի քարտուղարը, հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրամիության Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորության կառավարությանը Հայաստանի անկախացումից ի վեր ցուցաբերվող աջակցության համար:

Անդրադառնալով կովկասյան տարածաշրջանային անվտանգության խնդիրներին` Դեյվիդ Միլիբենդը ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի նախագահի ջանքերը եւ նշել, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է այդ գործընթացին:

Մեծ Բրիտանիա -- Նախագահ Սարգսյանի հանդիպումը Եղիսաբեթ Երկրորդի հետ, Լոնդոն, 10-ը փետրվարի, 2010թ.
Ավելի ուշ, Վինձորյան պալատում նախագահ Սարգսյանը հանդիպել է Արքայազն Չարլզի հետ եւ մասնակցել պատվավոր ընդունելությանն ու համերգին, որով մեկնարկում է Արքայազն Չարլզի եւ Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նախաձեռնած «Երեւան` իմ սեր» ծրագիրը: Այս նախագծի արդյունքում վերանորոգվելու են Երեւանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարեւոր արժեք ունեցող չորս շինություններ, որոնք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածությամբ կծառայեն սոցիալապես խոցելի շերտերին ու օժտված երեխաներին։

Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ տարբեր երկրներից ժամանած հայազգի գործարարների եւ հասարակական գործիչների հետ:

Այսօր Հայաստանի նախագահը հարցազրույց կտա «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, որից հետո հայկական պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG