Մատչելիության հղումներ

Փետրվարի 11-ի մամուլ


«Հայոց աշխարհ»-ը, «Բարաթը պահանջելու ժամանակը» ենթավերնագրի տակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին, գրում է. - «Հոկտեմբերի 10-ի արձանագրությունների ստորագրումից հետո հայ-թուրքական հարաբերություններում «առաջին ջութակի» դեր ստանձնած թուրքական կողմը վարպետորեն օգտագործում էր փաստաթղթերը խորհրդարանում վավերացնելու հեռանկարը՝ դրանով իսկ փորձելով իր կամքը թելադրել Հայաստանին»։ Հունվարից առ այսօր տեղի ունեցած զարգացումները վերլուծելուց հետո հոդվածագիրը եզրակացնում է.- «Թուրքիայից պաշտոնական պատասխան, ժողովրդական լեզվով ասած, «բարաթ» ստանալու առաջադրանքը, մեր կարծիքով, ներկայումս հայ դիվանագիտության թիվ 1 խնդիրն է եւ չի կարելի թույլ տալ, որ Անկարան անվերջ շարունակի իր քաղաքական դիմակահանդեսը։ Արդեն այս ամսվա ընթացքում Հայաստանը պետք է ունենա այդ պատասխան-բարաթը, որպեսզի մարտ ամսից կարողանա գործել ըստ որոշակի ժամանակացույցի»։

«Առավոտ»-ի խմբագիրը մեկնաբանում է «Ա1+»-ի անցկացրած մի հարցման արդյունքները, որով փորձ է արվել պարզել քաղաքացիների արձագանքը գազի սակագների, ի հետեւանք՝ նաեւ մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների գների առաջիկա բարձրացմանը: Հոդվածագիրն արձանագրում է. - «Հարցման նպատակը հետեւյալն էր. պարզել՝ արդյոք դժգոհ քաղաքացիները պատրա՞ստ են դուրս գալ փողոց եւ ցույցերի միջոցով պաշտպանել իրենց իրավունքները: Ճնշող մեծամասնության պատասխանը բացասական էր` անիմաստ է, անօգուտ: Նման պատասխանից իշխանությունները երեւի կուրախանան՝ «ինչ լավ է՝ ժողովուրդը պատրաստ է էլի անտրտունջ ձգել գոտիները, իսկ դա նշանակում է, որ մենք կարող ենք դրանք էլ ավելի արձակել»: Իսկ ընդդիմությունը, հավանաբար, այս դիտարկման հետ չի համաձայնի եւ կասի, որ դա սուտ է, որ իրականում ժողովուրդը լի է վճռականությամբ եւ այլն: Ինչ արած, ես ընդամենը արձանագրում եմ իրականությունը. չնայած կառավարությունն ամեն ինչ անում է սոցիալական բունտ հրահրելու համար, այն չի հրահրվում: Ֆրանսիայում նման դեպքերում մարդիկ, անշուշտ, դուրս կգային փողոց: Եվ նրանց կկազմակերպեին ոչ թե ընդդիմադիր ուժերը, որոնց միշտ կարելի է կասկածել իշխանատենչության մեջ, այլ արհմիությունները՝ որպես աշխատավոր մարդկանց պաշտպան: Մենք, իհարկե, Ֆրանսիա չենք: Մեր մշակույթն է ուրիշ: Հայերը ապստամբում են ոչ թե փողոց դուրս գալով: Նրանք ապստամբում են ինքնաթիռի տոմս առնելով եւ մեկընդմիշտ հայրենիքից հեռանալով»:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրն արձագանքում է պատգամավոր Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ) դիտարկմանը, թե «Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու միակ եղանակը իմպիչմենտն է» ու, քանի որ Կոնգրեսը ներկայացված չէ խորհրդարանում, նշանակում է, չի կարող սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնել: Որովհետեւ իմպիչմենտի գործընթացը խորհրդարանում է իրագործվում: Այս կապակցությամբ «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը նշում է. - «Կարծում եմ, պարոն Մինասյանը եւ Ազգային ժողովի էլի մի քանի պատգամավորներ պետք է տեղյակ լինեն, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը քաղաքացիներին իրավունք է տալիս խաղաղ, առանց զենքի անցկացնել հանրահավաքներ, երթեր, ցույցեր: Քաղաքացիները ունեն նաեւ գործադուլների, հացադուլների եւ այլ ակցիաների իրավունք: Ու եթե պատկերացնենք մի վիճակ, որ Հայաստանի մեկ միլիոն քաղաքացիները հանրահավաք են անում եւ գործադուլ՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը, կարծում եմ, պիտի ընդունենք, որ իմպիչմենտը սահմանադրական իշխանափոխության միակ ճանապարհը չէ»:

«Հայոց Աշխարհ» թերթը հակադարձել է ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներում օրերս տեղ գտած մի քանի հրապարակումներին, որոնցում տվյալներ են հրապարակվել Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցած մեծ հարստության մասին: Հոդվածագիրը նման լուրերը որակում է կեղծ եւ նշում. - «Մեխանիզմը չափազանց պարզունակ է եւ վերջին տարիների ընթացքում բազմիցս փորձարկված։ ՀԱԿ-ի «վերլուծական խումբը... մատից ծծած տեղեկանք է կազմում այս կամ այն անձին իբր պատկանող սեփականության թվարկմամբ։ Այնուհետ տեղեկանքը որոշակի գումարի դիմաց տեղադրվում է մի որեւէ ռուսաստանյան լրատվամիջոցում։ Դրանից հետո նյութը արտատպվում է հհշական թերթերում, բայց արդեն ռուսաստանյան լրատվամիջոցի վկայակոչմամբ։ Իրականում իրենց իսկ հորինած «տեղեկություններին», այսպես ասած, արժանահավատություն հաղորդելու համար։ Իհարկե, հեռու ենք մտքից, թե հայրենի պաշտոնյաները կարիքավոր մարդիկ են։ Ընդհակառակը, նրանք, որպես կանոն, բավականին ունեւոր են, ինչը պարունակում է ե՛ւ դրական կողմեր, ե՛ւ բացասական»:

«Կապիտալ» թերթը հարցազրույց է տպագրել Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հայաստան այցելած պատվիրակության ղեկավար Մարկ Լյուիսի հետ: Հարց. - «Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանի պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի շուրջ 40%-ը: Վտանգավո՞ր է արդյոք այդ ցուցանիշը»: Պատասխան. - «Այդ հարցին միանշանակ պատասխան չկա: Դա կախված է տնտեսության կառուցվածքից, տնտեսության ընդհանուր հեռանկարից եւ այլն: Չեմ փորձում խուսափել հարցից, սակայն եթե նայում եք ՀՆԱ/արտաքին պարտք հարաբերակցությանը, ապա, այո, վերջին տարում այն աննախադեպ մեծացել է Հայաստանում: Սակայն երկու այլ գործոն կարող եմ մատնանշել: Նախ՝ այդ հարաբերակցությունը թեեւ մեծացել է, սակայն տակավին հեռու է շատ երկրների ցուցանիշներից, հատկապես զարգացած երկրների ցուցանիշներից, որոնք կարիք ունեն մեծ ներդրումների: Երկրորդ՝ Հայաստանի արտաքին պարտքի մեծ մասը արտոնյալ է: Եթե նայեք պարտք/ՀՆԱ հարաբերակցությանը, ապա դա կարող է ձեզ փոքր-ինչ սխալ պատկեր տալ, թե իրականում ինչքան է Հայաստանի պարտքի բեռը, որովհետեւ պարտքի մեծ մասը տրված է բավական երկար ժամանակով եւ արտոնյալ պայմաններով՝ ցածր տոկոսադրույքներով: Այնպես որ, մի երկրում ՀՆԱ-ի 50%-ի չափով արտաքին պետական պարտքի բեռը կարող է շատ տարբեր լինել մեկ այլ երկրում նմանատիպ ցուցանիշից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG