Մատչելիության հղումներ

Երեքշաբթի օրը անսպասելիորեն հայտնվելով Սպիտակ տանն անցկացվող ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե «Վաշինգտոնն ու իր դաշնակիցները Իրանի դեմ նոր` երկարաժամկետ պատժամիջոցների փաթեթ են մշակում»։

«Միջազգային հանրությունը միասնական է Իրանի անթույլատրելի պահվածքի դեմ պայքարի հարցում», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը` հավելելով. - «Իրանի դեմ սպասվող նոր միջազգային պատժամիջոցները մշակված կլինեն արդեն մի քանի շաբաթից»։

Չնայած Իրանի վրա միջուկային ծրագրի հետ կապված Արեւմուտքի ճնշումներին, պաշտոնական Թեհրանը երեքշաբթի օրը հայտարարել է, թե վերսկսել է 20 տոկոսով հարստացված ուրանի արտադրությունը։

Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան երկու օր առաջ էին ասել, որ հորդորելու են ՄԱԿ-ին ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արդեն կիրառել է պատժամիջոցներ երեք փուլով՝ փորձելով ստիպել Թեհրանին հրաժարվել Իրանում ուրանի հարստացման ծրագրի իրականացումից, բայց, փաստորեն, ապարդյուն։

«Այն փաստը, որ Իրանը հրաժարվեց միջազգային հանրության հնչեցրած առաջարկից` արտերկիր ուղարկել իր հարստացված ուրանը, արդեն իսկ ցույց տվեց նրա նպատակը», - գնահատել է Բարաք Օբաման՝ հավելելով. - «Սա ցույց է տալիս, որ չնայած հավաստիացումներին, թե ատոմային էներգիան միմիայն բնակչության օգտագործման համար է նախատեսված, փաստացի նրանք շարունակում են իրենց որդեգրած քաղաքականությունը, որը կարող է բերել ուրանի հարստացմանը։ Եվ սա ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ միջազգային ողջ հանրության համար է անընդունելի»։

Պատժամիջոցները, Օբամայի խոսքով, կարող են լինել այն փաստի միակ պատասխանը, որ Իրանը որոշում կայացրեց շարունակել իր միջուկային ծրագիրը։

Օբաման ճեպազրույցի ընթացքում նաեւ իր գոհունակությկունն է արտահայտել Ռուսաստանի «առաջընթաց գրանցած տեսակետի առնչությամբ»։

Ռուս պաշտոնյաները երեքշաբթի իրենց մտահոգություններն են հայտնել Թեհրանի նոր մտադրության առնչությամբ: Մասնավորապես, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Պատրուշեւը կասկած է հնչեցրել Իրանի մտադրությունների «խաղաղ բնույթի վերաբերյալ»։

Սակայն ԱՄՆ-ի նախագահի համար «դեռեւս անհայտ է մնում Պեկինի վերաբերմունքը Իրանի նոր նախագծին, որը նախկինում, ինչպեսեւ պաշտոնական Մոսկվան, չէր շտապում իր աջակցությունը հայտնել միջազգային պատժամիջոցներին եւ առավել հակված էր վարելու բանակցություններ»։

Միջուկային ռումբի ստեղծման համար անհրաժեշտ է ամենաքիչը 90 տոկոսով հարստացված ուրան։ Միացյալ Նահանգներն ու իր արեւմտյան դաշնակիցները գտնում են, որ Իրանը հենց դրան է ձգտում, ինչն իր հերթին կտրականապես մերժում է պաշտոնական Թեհրանը։

«Նրանք կատարել են իրենց ընտրությունը։ Չնայած ետդարձի ճամփա դեռեւս կա։ Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում մենք կաշխատենք պատժամիջոցների հերթականությունը մշակելու ուղղությամբ, ինչը նրանց ցույց կտա` ինչքանով են նրանք կտրված միջազգային հանրությունից ընդհանրապես», - հայտարարել է Օբաման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG