Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը բացառում է արձանագրությունների վավերացման «տապալումը» Հայաստանում


«Որպես Հայաստանի խորհրդարանական մեծամասնության ղեկավար, վերահաստատում եմ, որ Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունները վավերացնելուց հետո, բացառվում է ՀՀ-ում դրանց տապալումը», - հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը Լոնդոնի` Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ: Մոտ մեկ ժամ տեւած ելույթում նախագահը խոսեց Հարավային Կովկասի անվտանգության խնդիրների, մասնավորապես, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։

Նա նշեց, որ վերջին մեկ տարում Հայաստանն ու Թուրքիան առաջընթաց են արձանագրել հարաբերությունների կարգավորման հարցում, եւ հայկական կողմը պատրաստ է առանց նախապայմանների սահմանների բացմանը: Սերժ Սարգսյանն անգամ պատրաստակամություն հայտնեց հրավիրել Իլհամ Ալիեւին` հայ-թուրքական սահմանի բացմանը:

Նախագահը հայտարարեց, որ ելույթից հետո իր աշխատակիցներին հրահանգելու է արձանագրությունների փաթեթն ուղարկել Ազգային ժողով` վավերացման գործընթացը սկսելու համար: «Բայց եթե հաստատվեն կասկածները, թե Թուրքիան փորձում է ընդամենը ժամանակ ձգել, մենք ստիպված կլինենք դադարեցնել գործընթացը», - հայտարարեց նա:

Թուրքիայի դեսպանատան ներկայացուցչի մտահոգությանը, թե Հայաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը վերապահումներ է պարունակում, եւ Հայաստանը չի պատրաստվում զիջումների գնալ Ցեղասպանության ճանաչման ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում, նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ՍԴ-ն հաստատել է, որ արձանագրությունները չեն հակասում Սահմանադրությանը, եւ որ արձանագրության կետերը առանձին-առանձին չեն կարող գործել. դա վավերացման գործընթացի մի մասն է, որին ավելորդ կարեւորություն տալ պետք չէ: Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչման գործընթացին, նախագահը շեշտեց, որ արձանագրության որեւէ կետով Հայաստանը չի պարտավորվել հետ կանգնել Ցեղասպանության ճանաչման գործընթացից:

«Արձանագրություններում ձեւակերպումները պարզ են ու հստակ, եւ մենք պատասխանատու ենք այդ ձեւակերպումների համար: Մենք չենք կարող պատասխանատվություն կրել ուրիշների պատկերացումների համար: Մենք չենք կարող կասկածի տակ դնել Ցեղասպանությունը կամ անհարկի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հարցում», - հավելեց նա։

BBC-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք Սարգսյանն ու Գյուլը չեն շտապել արձանագրությունները ստորագրելով ու կարգավորման գործընթացը սկսելով` առանց հաշվի առնելու հասարակությունների տրամադրությունները, նախագահը հակադարձեց, թե Հայաստանը պատրաստ է շարունակելու գործընթացը եւ իրենց գործողություններում ավելորդ շտապողականություն չի տեսնում:

Խոսելով Ղարաբաղյան խնդրի մասին՝ Սերժ Սարգսյանը ներկայացրեց խնդրի պատմական ու իրավական կողմերը, եւ հաստատեց Հայաստանի մտադրությունը` խնդիրը լուծել մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն: Սակայն նա կոչ արեց «ընդգծված տոնայնություն» չտալ տարածքային ամբողջականության սկզբունքին, առավել եւս՝ որ այն «ամենեւին էլ չի նշանակում այն, ինչ փորձում են ներկայացնել ադրբեջանցիները»: Նա շեշտեց, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, եւ նույնպիսի իրավունք ուներ դուրս գալու Սովետական Միությունից, ինչպես մյուսները:

Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները շարունակվում են, եւ պատերազմի սպառնալիքը Կովկասում սաստկանում է:

«Ղարաբաղի ժողովուրդը հավատում է, որ կարողացել է իր գոյության համար մինիմալ պայմաններ ապահովել, եւ դրանից ելնելով ենք մենք վարում բանակցությունները Ադրբեջանի հետ», - նշեց Սարգսյանը: - «Այլընտրանքը Ղարաբաղի բռնակցումն է Ադրբեջանին, որը որեւէ լավ հետեւանք չի կարող ունենալ, առավել եւս, որ ունենք Նախիջեւանի օրինակը, որտեղ ոչ մի հայ չի մնացել, եւ նույնիսկ վերջերս մշակութային վանդալիզմի ականատես եղանք»։

Եզրափակելով իր ելույթը՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ Հայաստանն այսօր էլ իր արտաքին քաղաքականությունը կառուցում է խաղաղության ու կայունության սկզբունքների վրա, իսկ խաղաղությունը Կովկասում բխում է ոչ միայն Հայաստանի, այլեւ նրա հարեւանների ու ամբողջ Եվրոպայի շահերից:
ՀՀ նախագահի ելույթը Լոնդոնում
please wait

No media source currently available

0:00 0:02:10 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG