Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանցի ռազմական փորձագետի կարծիքով, ղարաբաղյան պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ չէ


Հայաստան -- Հայաստանցի զինծառայողները նշում են ՀՀ Զինված ուժերի կազմավորման 18-րդ տարելիցը

Հայաստան -- Հայաստանցի զինծառայողները նշում են ՀՀ Զինված ուժերի կազմավորման 18-րդ տարելիցը

«Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ չէ», - համոզված է ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, համեմատելով 2008-ի ամռանը Վրաստանում ստեղծված կացությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը, Գոլցը որոշ տարբերություններ է մատնանշում։

«2008-ին Սահակաշվիլին կարող էր սխալ մեկնաբանել Միացյալ Նահագներից եկող ազդակները։ Ղարաբաղի խնդրում հակառակն է. թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը եւ թե՛ Եվրամիությունը հակամարտող երկու կողմերին էլ հստակորեն ասում են՝ ոչ մի պատերազմ»։

Մոսկվացի վերլուծաբանի համոզմամբ, ռազմական գործողությունների վերսկսումը ձեռնտու չէ նախեւառաջ Ռուսաստանի իշխանություններին։

«Ռուսական դիվանագիտությունը ջանք չի խնայում պատերազմի վերսկսումը բացառելու համար», - պնդում է Գոլցը, - «եթե հանկարծ հակամարտություն բռնկվի, ապա, բացասական այլ հետեւանքներից բացի, այն պարզապես կոչնչացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որը ռուսական դիվանագիտության «զավակն» է։ Ենթադրվում է, որ ռազմական գործողությունների դեպքում կազմակերպության անդամները ինքնաբերաբար պաշտպանելու են պատերազմող դաշնակցին։ Ֆորմալ առումով ստացվում է, որ Ռուսաստանը, կամ ասենք՝ Տաջիկստանն ու Բելառուսը, ներքաշվելու են այս հակամարտության մեջ՝ աջակցելով Հայաստանին։ Գործնականում, սակայն, նման բան պատկերացնելը դժվար է»։

Ալեքսանդր Գոլցը, ով ղարաբաղյան պատերազմի տարիներին մի քանի անգամ այցելել է տարածաշրջան՝ լուսաբանելով ռազմական գործողությունները, անդրադառնում է նաեւ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի մարտունակության ներկա մակարդակին։

«15 ամյա վաղեմության փորձից ելնելով՝ ես տպավորություն ստացա, որ երկու երկրների զինված ուժերում հրամանատարների հիմնական մասը խորհրդային կրթություն ստացած սպաներն էին։ Հայկական կողմում, իհարկե, գրագետ սպաների քանակն ավելի մեծ էր։ Դա դրսեւորվում էր հատկապես [ռազմական գործողությունների] պլանավորման ժամանակ։ Եթե խորհրդային անցյալ ունեցող այդ սպաներին, նաեւ Ռուսաստանի հետ ունեցած կապերի շնորհիվ, հաջողվել է ստեղծել մարտական պատրաստության ժամանակակից համակարգ, ապա կարող ենք ասել, որ հայկական բանակի մարտունակության մակարդակն ավելի բարձր է», - նշում է Ալեքսանդր Գոլցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG