Մատչելիության հղումներ

Փետրվարի 10-ի մամուլ


«Հայկական ժամանակ» օրաթերթն անդրադարձել է նախագահ Սարգսյանի այցին Մեծ Բրիտանիա։ - «Սա, թերեւս առաջին դեպքն է, երբ մի պետության ղեկավարին մեկ այլ երկիր կատարած իր աշխատանքային այցի ժամանակ հյուրընկալող երկրից որեւէ մեկը չի դիմավորում օդանավակայանում եւ չի ուղեկցում ողջ այցի ընթացքում։ Ինչպես երեկ հաղորդել է Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած News.am-ի թղթակիցը, «Հիթրոու» օդանավակայանում Սերժ Սարգսյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը եւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ։ Այս փաստը կարելի էր Մեծ Բրիտանիայի ղեկավարության կողմից խորը արհամարհանք համարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, եթե չլիներ մի հանգամանք։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը դեռեւս անցյալ շաբաթ հայտարարել էր, որ այս այցը մասնավոր է, եւ իրենք ոչ մի կապ չունեն դրա հետ։ Դրանից հետո Հայաստանի նախագահական նստավայրը հայտարարեց, թե այցը աշխատանքային է։ Ենթադրվում է, որ փորձ արված կլինի թեկուզ «ճ» կլասի մի դիմավորող էլ «կպցնել» Սերժի համար, ինչում փաստորեն Լոնդոնում Հայաստանի դիվանագիտական ողջ կորպուսն ու Արմեն Սարգսյանն` իր բոլոր կապերով, անզոր են գտնվել», - գրում է թերթը։

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Ցավալի է, իհարկե, որ բանավեճն այն մասին, թե ով է իրական ընդդիմությունը, տեղափոխվել է Եվրոպայի խորհուրդ: Լավ կլիներ, որ մեր քաղաքական ուժերը այդ հարցը լուծեին երկրի ներսում: Թե չէ՝ ստացվում է, որ մենք եվրոպացի պաշտոնյաներից խնդրում ենք լուծել մի խնդիր, որը պարտավոր է լուծել մեր հասարակությունը: Նույն տրամաբանությամբ, ի դեպ, չարժեր տապալել Հիլարի Քլինթոնի հետ հայ համայնքի հանդիպումը՝ այն պատճառով, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը հայկական կազմակերպությունների մի մասին հրավիրել է, իսկ մյուսին՝ ոչ, եւ այդ մյուս մասը նեղացել է՝ գտնելով, որ նա ավելի հեղինակավոր է, քան հրավիրվածները: Մի խոսքով, տիպիկ ներհայկական «ռազբորկա», որին օտարներին ականատես դարձնելն այնքան էլ ցանկալի չէ: Խոսքը «կեղտոտ սպիտակեղեն չհանելու» երեսպաշտական կոչի մեջ չէ. մարդու իրավունքների, խոսքի ազատության, քաղբանտարկյալների խնդիրները, բնականաբար, պետք է բարձրացնել Արեւմուտքի առաջ՝ մեր իշխանություններին գոնե մի փոքր զգաստացնելու, զսպելու համար: Այլ է, մասնավորապես, ընդդիմություն լինել-չլինելու խնդիրը՝ այստեղ եվրակառույցները մեզ որեւէ ձեւով օգտակար լինել չեն կարող»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Գրիգոր Ամալյանը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը, որը հայ ժողովրդի պատմության մեջ մնաց որպես «Ա1+» հեռուստաընկերությունը փակող անձ, կրկին աշխուժացել է: Նրա ղեկավարած հանձնաժողովը հանկարծ հիշել է, որ եթերն աղբանոց չէ, որտեղ կարելի է ամեն ինչ ցուցադրել՝ բացի ճշմարտությունից, գեղեցիկից եւ օգտակարից: Որը միայն փող աշխատելու եւ սրա-նրա քաղաքական պատվերները կատարելուն է ծառայում: Սակայն ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ այս «աշխուժությունն» էլ նախագահականից է թելադրվել՝ Ամալյանի եւ նա տխրահռչակ հանձնաժողովի նախաձեռնությունը չէ»:

Հեռուստաեթերի խնդիրներին է անդրադառնում նաեւ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը՝ գրելով. - «Ոլորտի պրոֆեսիոնալները չափազանց քիչ են: Իհարկե՝ բոլոր ոլորտներում էլ նույն վիճակն է, բայց հեռուստատեսությունն այս իմաստով շատ ծանր վիճակում է, որովհետեւ բոլոր թերությունները, բառիս բուն իմաստով, մարդկանց աչքի առաջ են: Վերցրեք ցանկացած ոլորտ՝ առողջապահությունը, կրթությունը, շինարարությունը եւ այլն: Ամեն տեղ էլ 90 տոկոսը «փինաչիներ» են, 10 տոկոսը՝ նորմալ մասնագետներ: Պարզապես բոլոր մյուս ոլորտներում մարդիկ ձգտում են «ծանոթի միջոցով» գործ ունենալ նորմալ մասնագետների հետ, իսկ հեռուստատեսության դեպքում դա հնարավոր չէ: Սեղմում ես կոճակը, եւ անկախ քո կամքից՝ որեւէ «եթերային փինաչի» է ներխուժում տուն»:

«Հայոց Աշխարհ» թերթն անդրադարձել է նախօրեին Սերժ Սարգսյանի կողմից Աբդուլա Գյուլին հղված ուղերձին: Հոդվածագիրը նկատում է. - «Նախագահ Սարգսյանի այս քայլը եւս մեկ անգամ փաստում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման բարդ գործընթացում Հայաստանը շարունակում է պահպանել ռազմավարական նախաձեռնությունը: Ինչ վերաբերում է մարտավարությանը, ապա այս պարագայում եւս նախագահ Սարգսյանի նախաձեռնողական մոտեցման շնորհիվ Հայաստանը շարունակում է պահպանել առնվազն մեկ քայլ առաջ լինելու իր առավելությունը»:

Ընդդիմադիր Հայաստանի ժողովրդական կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում ասում է. - «Մենք պահանջում ենք, եւ սա է միակ ճանապարհը, որպեսզի լինեն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Այս ամբողջ ճգնաժամի պատճառը կեղծված ընտրություններն են եղել: Եվ այս, այսպես ասած, հիվանդությունը պետք է նույն դեղով բուժվի. կեղծված ընտրությունների հետեւանքով առաջացած ճգնաժամը կարող է բուժվել միայն նոր՝ արտահերթ ընտրությունների միջոցով»:

«Կապիտալ» թերթը գրում է, թե «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի» հանքարդյունաբերական ընկերությունը սկսել է աշխատակիցների կրճատման գործընթաց». - «Ընկերությունը որոշել է աշխատանքի արտադրողականության եւ արդյունավետության բարձրացումն ապահովել «ավելորդ» աշխատակիցներից ազատվելու ճանապարհով: Աշխատանքից արդեն ազատվել է 17 մարդ, որոնց թվում կան նաեւ այս տարվա հունվարի գործադուլի մասնակիցներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG