Մատչելիության հղումներ

ՀՌԱՀ-ը ներկայացրեց իր մշակած չափորոշիչները


Armenia -- Grigor Amalian, Chairman of the National Commission on Televisin and Radio

Armenia -- Grigor Amalian, Chairman of the National Commission on Televisin and Radio

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանն երեքշաբթի օրը լրագրողներին ներկայացրեց այն չափորոշիչները, որոնց համաձայն Հայաստանում հեռարձակվելու են հաղորդումներն ու ֆիլմերը:

Հանձնաժողովը, հիշեցնենք, մշակել է նոր օրինագիծ, որի համաձայն սարսափ ֆիլմերի, բռնության տեսարաններով, ինչպես նաեւ պոռնոգրաֆիկ թեմատիկայով ֆիլմերի ցուցադրությունը թույլատրելի կլինի որոշակի ժամերին:

Պարզ չէ, սակայն, թե ինչ սկզբունքների հիման վրա է հանձնաժողովը մշակվել այդ չափորոշիչները: Որո՞նք կարող են լինել, ասենք, «էրոտիկ բնույթի կամ էրոտիկ դրվագներ պարունակող ոչ միայն հեռուստատեսային, այլեւ ռադիոհաղորդումների չափորոշիչները», ինչպես նշված է նախագծում: Կամ ի՞նչ ասել է «պատմական իրողությունների եւ ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը»: Իսկ ո՞վ կամ ինչպե՞ս է որոշելու խեղաթյուրվա՞ծ է պատմությունը, թե՞ ոչ: Կամ էլ ո՞վ է դատելու ներկա իրականությունը խեղաթյուրվա՞ծ է, թե՞ ոչ:

«Ազատություն» ռադիոկայանի այս հարցերին հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը արձագանքեց. - «Նույն հարցադրումները, բնականաբար, պիտի ուղղվեն այնտեղ. իսկ ո՞վ է ձեզանից որոշել, որ հայ ժողովրդի պատմությունը այսպիսին է եղել, որովհետեւ մեկի մի բան է ասել, մյուսը՝ ուրիշ: Հայ ժողովրդի պատմությունը, այդուհանդերձ, ֆիզիկան չէ: Այդ առարկայով մենք փորձում ենք դաստիարակել մեր քաղաքացուն, մեր երկրի հայրենասերին: Մեկ ունենք մեկ մոդել, թե որն է մեր պատմական իրողությունները եւ այդպես էլ դասավանդում ենք»:

Վերահսկողությունը իրականացնելու է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, ինչը, ինչպես խոստավանեց Գրիգոր Ամալյանը, լուրջ խնդիր է. - «Մեր հնարավորությունները, իրոք, սահմանափակ են: Մոտեցումը լինելու է հետեւյալը՝ անել այնքան, որքան հնարավորություն ունենք»:

Կա նաեւ մտահոգություն, որ օրենքով նախատեսված սահմանափակումներն ու արգելքներն ընտրողաբար կկիրառվեն՝ ոչ ցանկալի լրատվամիջոցին պատժելու կամ էլ հաղորդումը եթերից հանելու նպատակով:

Գրիգոր Ամալյանը արձագանքեց. - «Այս անվստահության երեւույթը, ցավոք, մեր ժամանակի պրոբլեմն է եւ, ցավոք, չի վերաբերում միայն հեռուստատեսային խնդրին եւ հանձնաժողովին՝ հատկապես: Ցանկացած նախաձեռնության նկատմամբ»:

Հարցին, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում այն հեռուստատեսային կամ ռադիոընկերություններին, որոնք կխախտեն այս չափորոշիչները, Ամալյանը պատասխանեց. - «Կան գրավոր նախազգուշացումներ, կան դրամական տույժեր եւ կան արդեն սրանց ինչ-որ նախապատմության դեպքում ՝ եթե արդեն կիրառված տույժեր կան, կասեցում, դադարեցում եւ լիցենզիայից զրկել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG