Մատչելիության հղումներ

Նախարարը հանդիպման էր հրավիրել ուսխորհուրդների նախագահներին


Armenia -- Minister of Education Armen Ashotian an a meeting with students, 9 Feb, 2010

Armenia -- Minister of Education Armen Ashotian an a meeting with students, 9 Feb, 2010

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեքշաբթի օրը հանդիպեց Հայաստանի պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների նախագահների հետ։ Քննարկվեցին կրթության ոլորտին առնչվող ամենատարբեր թեմաներ` վարձավճարների զեղչերից մինչու ուսանողական խորհուրդների իրավական կարգավիճակ ստանալու հարցը։

Ըստ կրթության եւ բարձրագույն հետբուհական կրթության մասին օրենքների, բուհական կառավարական բոլոր մարմիններում ձայների առնվազն 25 տոկոսը պատկանում է ուսանողներին։ Բայց մի շարք բուհերում ռեկտորները խախտել են այս օրենքը, իսկ ուսխորհուրդները լռել ու չեն բողոքել։ Թե որոնք են այդ բուհերը նախարարը չասաց՝ նշելով, թե ինքն առաջիկայում այդ ռետորների հետ հանդիպում է ունենալու։

Շուտով կայանալու է Բոլոնիայի գործընթացին միացած երկրների նախարարների գագաթաժողովը, որին մասնակից պետությունների նախարարների հետ միասին պետք է ներկայացված լինի նաեւ հայ ուսանողությունը։ Նախարարն ասաց, որ մինչեւ այսօր ուսանողների կողմից լիարժեք մասնակցույթուն չի նկատել։ Ուստի որոշել է ինքնակամ պատվիրակության կազմում ընդգրկել իր նախկին բուհի` բժշկական համալսարաանի ուսանողական խորհրդի նախագահին։

Ագրարային համալսարանի ուսխորհուրդի ղեկավար Ռոբերտ Մակարյանը նախարարին առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել, ուսանողական խորհուրդների իրավական կարգավիճակի հարցը քննարկելու համար։

ՀՀ ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի փոխնախագահն անդրադարձավ ոչ պետական բուհերի խնդիրներին։ Մասնավորապես, որ ոչ պետական բուհի ուսանողն ուսումն ավարտելուց հետո փորձում է պետական որեւէ աշխատանքի անցնել` խնդիրներ է ունենում կապված մասնավոր բուհի դիպլոմի հետ։

Ուսանողի մտահոգությունը ո'չ կիսեց, ո'չ էլ փարատեց Աշոտյանը։ Նա խոսեց խնդրի լուծման հնարավոր այն տարբերակներից, որոնց մասին խոսում էր ուսանողը։ Աշոտյանը միայն հավելեց, որ 2011-ից ոչ պետական բուհերում ընդունելության քննությունները նույնպես թեստային համակարգով կանցկացվեն։
XS
SM
MD
LG