Մատչելիության հղումներ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը «քարոզչական ճնշում է» համարում Սարգսյանի ուղերձը Գյուլին


ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Աբդուլա Գյուլին Թուրքիայի վրա գործադրվող քարոզչական ճնշում է ու, թերեւս, նաեւ զգուշացում՝ «համբերությունը հատելու վերաբերյալ»:

Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նա ասաց, թե Թուրքիան էլ իր հերթին է Հայաստանի վրա ճնշում գործադրում, մասնավորապես, հիմնական խնդիրը Թուրքիայի համար այս պահին Ղարաբաղի հարցն է եւ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը՝ որպեսզի Ազգային ժողովի կողմից արձանագրությունները վավերացնելու ընթացքում այդ որոշումը վերապահում չդառնա: Եվ քանի որ Թուրքիային «հաջողվում է այս առումով ճնշումներ բանեցնել», գործընթացի ձգձգումը, ըստ նրա, ի վնաս Հայաստանի է:

Ուստի, Հրանտ Մարգարյանի համոզմամբ, Հայաստանը պետք է ամենաուշը մարտին բանակցությունը ձախողված համարի՝ Թուրքիայի մեղքով:

Ընդգծելով, որ արձանագրությունները Ազգային ժողովի կողմից պետք է վերապահումով վավերացվեն՝ Մարգարյանը միաժամանակ նշեց, որ իրենք այս առումով մտահոգություն ունեն, հետեւաբար պետք է ամեն կերպ Ազգային ժողովին համոզեն, որ վերջինս հավատարիմ մնա Սահմանադրական դատարանի որդեգրած մոտեցումներին:

Հարկ է նշել, որ Դաշնակցությունը մինչեւ օրս չի բարձրացնում նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, քանի որ հույսեր ունի, թե նախագահը կփոխի իր մոտեցումը եւ չի վավերացնի արձանագրությունները գոյություն ունեցող տեսքով:

Հարցին, թե արդյո՞ք իրենց հաջողվել է համոզել նախագահին արձանագրությունները վերապահումով վավերացնելու հարցում, Մարգարյանը արձագանքեց. - «Մեր պայքարը պատճառ դարձավ, որ Սահմանադրական դատարանը այդ որոշումը կայացնի: Եվ այդ որոշման կայացման մեջ անմասն չէ նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ դա ուրախացնող երեւույթ է... Չեմ կարող ասել փոփոխության մասին: Ես կարծում եմ, որ արդար է եթե ասենք, որ ինչ-որ կարծրացում կա դիրքորոշումների առումով՝ թե' Ղարաբաղի հարցում, թե' հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Ավելի ազգային է դարձել, ավելի դեպի ճիշտն է դիրքորոշվել Սահմանադրական դատարանի որոշումով: Բայց դա կիսատ է, դա պետք է կարողանալ մինչեւ վերջ տանել»:

Իսկ հարցին, թե արձանագրությունների՝ առանց վերապահման վավերացման դեպքում կպահանջի՞ արդյոք Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականը, Հրանտ Մարգարյանը պատասխանեց, թե անկախ այն բանից` կանի՞ թե՞ չի անի Ազգային ժողովը վերապահում, իրենք այսօր գնում են իշխանափոխության, քանի հայ-թուրքական հարաբերություններն իրենց համար իշխանությունների դեմ պայքարի միակ պատճառը չեն:

«Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու կամ չպահանջելու մեջ ոչ մի բովանդակություն գոյություն չունի: Բովանդակությունը գործն է: Եթե մենք ընդդիմություն ենք, նշանակում է, որ ուզում ենք այս իշխանությունը փոխենք», - ասաց նա՝ շարունակելով. - «Մենք ընտրությունների միջոցով ենք փորձում իշխանափոխության հասնել՝ հերթական կամ ոչ հերթական: Բայց ընտրություններից դուրս ուրիշ բան է, որին մենք այսօր չենք ձգտում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG