Մատչելիության հղումներ

logo-print

Սպիտակի պատվավոր քաղաքացին՝ Ուկրաինայի նախագահ


Ուկրաինա – Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի աջակիցները հավաքվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջեւ Կիեւում, 8-ը փետրվարի, 2010 թ.

Ուկրաինա – Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի աջակիցները հավաքվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջեւ Կիեւում, 8-ը փետրվարի, 2010 թ.

Սպիտակցիները պատրաստվում են շնորհավորական նամակ հղել Ուկրաինա՝ իրենց ուրախությունը հայտնելու Վիկտոր Յանուկովիչի հաղթանակի կապակցությամբ: Նախնական արդյունքներով, Սպիտակի պատվավոր քաղաքացի Յանուկովիչը հաղթել է կիրակի օրը Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններում։

«Հպարտությամբ, ուրախությամբ ընդունեցինք մեր պատվավոր քաղաքացու հաղթանակը այդ ընտրություններին եւ արդեն պատրաստվում ենք, նրան կշնորհավորենք այդ կապակցությամբ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սպիտակի փոխքաղաքապետ Անահիտ Գյուլազյանը:

Սպիտակցիները ոչ միայն ուրախ են իրենց պատվավոր համաքաղաքացու համար, այլեւ նրա հաղթանակը համարում են իրենցը:

«Միգուցե հայերին օգնի: Մեր հարազատները այնտեղ են ապրում», - ասաց մի տարեց սպիտակցի:

Սպիտակցիներին Յանուկովիչը հայտնի դարձավ 21 տարի առաջ: 1988-ի երկրաշարժի օրերին Ուկրաինայի «Դոնբաստրանսռեմոնտ» արտադրական միավորումը, որի ղեկավարն էր Յանուկովիչը, աղետից քանդված քաղաքում փրկարարական եւ վերականգնողական աշխատանքներ կատարեց:

2004 թվականին Սպիտակի քաղաքապետարանը Վիկտոր Յանուկովիչին արժանացրեց Սպիտակի պատվավոր քաղաքացու կոչման՝ քաղաքի վերականգնման գործում ներդրած ավանդի համար։

Ընդամենը մեկուկես տարի առաջ Յանուկովիչը կրկին Սպիտակ էր այցելել՝ տեսնելու 1988 թվականի երկրաշարժից հիմնովին ավերված, բայց անցած տարիներին վերականգնված քաղաքն ու համաքաղաքացիներին:

«Մի տարի առաջ եկավ այստեղ ելույթ ունեցավ, ասաց, որ մենք բարեկամներ ենք, բարեկամներ էլ կմնանք», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:

Վիկտոր Յանուկովիչը ոչ միայն Սպիտակի պատվավոր քաղաքացու կոչմանն է արժանացել: Նրա անվամբ երկրաշարժից տուժած այս քաղաքում հրապարակ կա. երկրաշարժի 20-րդ տարելիցին Սպիտակի իշխանությունները Յանուկովիչի մասնակցությամբ քաղաքի կենտրոնի հրապարակը վերանվանեցին քաղաքի պատվավոր քաղաքացու անվամբ:

Քաղաքային իշխանությունները պատրաստվում են բարեկարգել հրապարակը:

«Պուրակ է կառուցվելու այստեղ, կկանաչապատվի, նստարաններ կդրվեն», - փոխանցեց Անահիտ Գյուլազյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG