Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնի եւ հայ լոբբիստների հանդիպումը հետաձգվել է


ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոն
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոն

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի փետրվարի 9-ին ծրագրված հանդիպումը ամերիկահայ լոբբիստական կազմակերությունների ներկայացուցիչների հետ հետաձգվել է։

Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» օրաթերթը, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտնել է, որ նախատեսված միջոցառումը տեղի չի ունենա Վաշինգթոնում անցած շաբաթավերջին տեղացած աննախադեպ առատ ձյան պատճառով, ինչի հետեւանքով մայրաքաղաքում ծանր իրավիճակ է ստեղծվել։

Հանդիպման նոր ժամկետի մասին տեղեկություններ չկան։ «Ասպարեզը» նշել է, որ հետաձգումը պետական դեպարտամենտին ընձեռում է հրավիրվածների վիճահարույց ցուցակում փոփոխություններ կատարելու հնարավորություն։ Լոբբիստական մի շարք կառույցներ պնդել են, որ հրավիրվածների կազմում ակնհայտորեն նախապատվություն է տրվել նրանց, ովքեր աջակցում են հայ-թուրքական արձանագրություններին։

Ըստ «Ասպարեզի», ստանալով փետրվարի 9-ին Հիլարի Քլինթոնի հետ հանդիպելու առաջարկը եւ ծանոթանալով հրավիրվածների ցուցակին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը պետքարտուղարին հորդորել է վերանայել կազմը, որում ընդգրկված են եղել Ամերիկայի հայկական համագումարը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արեւմտյան թեմը, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը։

«Այն, որ հանդիպման համար ընտրվել են ամերիկահայության մի քանի լիդեր, մասնավորապես նրանք, ովքեր ամերիկյան դիվանագիտության կոնկրետ այդ հարցում արտահայտում են ակնհայտորեն փոքրամասնություն կազմողների դիրքորոշումը, չի համապատասխանում համայնքի հետ ազնիվ, բաց երկխոսություն հաստատելու վարչակազմի, եւ ոչ էլ մեր հավաքական տեսակետը երկրի ղեկավարներին ներկայացնելու նպատակներին», - նշել է Քեն Խաչիկյանը այս տարվա հունվարի 11-ին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հասցեագրված նամակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG