Մատչելիության հղումներ

«Ալավերդի» կամ «հայկական կինոն վերաիմաստավորելու բարդ փորձերը»


Մարիա Սահակյան
Մարիա Սահակյան

Հունաստանից դեպի Իտալիա, հետո կինոյի այլ ճանաչված կենտրոններ. այսօր էլ դեռ թղթի վրա է պատմությունը, որն առաջիկայում կլքի սպիտակ հարթությունն ու եռաչափ տարածության մեջ կվերածվի շարժվող պատկերների: «Ալավերդի»-ն երիտասարդ ռեժիսոր Մարիա Սահակյանի նոր ֆիլմն է, որը անգլերենով կհնչի որպես «I’m going to change my name»:

Ֆիլմի հիմքում պատմություն է Ալավերդիում ապրող փոքրիկ մի ընտանիքի մասին` կազմված 14 տարին դեռ չբոլորած դստերից ու նրա մորից, որ խմբավար է: Վերջինիս կերպարը Մարիան ստեղծել է «Հովեր» երգչախմբի գործունեությանն ու նրանց ղեկավար Սոնա Հովհաննիսյանի աշխատանքին ծանոթանալուց հետո, թեև բացատրեց, որ իր կերտած կինը «որևէ մեկի հետ չի նույնանում», նա ընդհանուր գծեր ունի անգամ իր` Մարիայի հետ:

Ճապոնական գրականության սիրահար Մարիա Սահակյանի գլխավոր մյուս հերոսուհին` պատանի աղջիկը, ծնվել ու զարգացել է հենց իր սիրած հեղինակներից մեկի գրքից: Միայնակ իրենց տանը, ողջ Ալավերդիում ու անգամ անսահման ինտերնետում` աղջիկը փորձում է կերտել իր ինքությունը:

Մարիան իր փորձից գիտի, որ ինետերնետն այսօր կենսական նշանակություն է ձեռք բերել անգամ Հայաստանի հեռավոր շրջաններում: Սա սեփական փոքրիկ աշխարհի դռները բացելու ամենաարդյունավետ գործիքն է: Եվ հենց ներաշխարհը փորփելուց հետո աղջիկը սկսում է փնտրել հորը, որին երբեք չի ճանաչել: Մայրն, իհարկե, պատասխաններ չունի անգամ արդարացի հնչող հարցերին, բայց ինքն անձամբ այդ կերպ կգիտակցի, որ սեփական կյանքի նվաճումները միայն արվեստում են, ոչ սիրո մեջ, ինչը գուցե ավելի կարևոր է:

Մարիա Սահակյանն այս ֆիլմը համարում է իր ասելիքը սիրո ու արվեստի մասին:

12 տարեկանից ծնողների հետ Ռուսաստան տեղափոխված Մարիա Սահակյանն այսօր համարվում է այդ երկրի ամենախոստումնալից երիտասարդ ռեժիսորներից մեկը: Տարիներ շարունակ վերադառնալու միտքը գլխում պահած` Մարիան իր ողջ գործունեության ընթացքում արձանագրել է մի շարք գաղափարներ, որոնք Հայաստանում խանգարում են արվեստն ու մասնավորապես կինոն զարգացնելու համար:

«Ալավերդու» կայացման ճանապարհը մեր երկրում կինոհամակարգի գործունեության վառ օրինակ է: Հայաստանի ազգային կինոկենտրոնում դեռ վաղուց հավանություն են տվել Մարիայի սցենարին ու խոստացել օգնել: Ֆիլմի բյուջեն 650 հազար եվրո է, որից միայն 10 տոկոսը` 65 հազար եվրոն է այսօր ակնկալվում հայկական կողմից, որպեսզի ֆիլմը, պարզ ասած, նաև հայկական լինի: Ռուսական «Պարադիզ» ընկերությունը ներդնում է 150 հազար եվրո, բյուջեի մի մասն էլ պատրաստ էր վճարել Ռուսաստանի մշակույթի նախարարությունը, որը դեռ անցած տարի Մարիա Սահակյանի այս նախագիծը ներկայացրել էր Կաննի կինոշուկայի ռուսական տաղավարում: Այսօր, սակայն, Մարիան լուրջ կասկածներ ունի ռուսական պետական ֆինանսավորման կապակցությամբ, քանի որ Հայաստանի հետ պայմանագիր կնքելու մի քանի անհաջող փորձեր են արդեն եղել:

Բայց անգամ այդ պարագայում, երիտասարդ ռեժիսորը, ում նախագծին աջակցում է նաև ֆրանսիական կողմը, վստահ է, որ կկարողանա գլուխ բերել ֆինանսավորումը, միայն թե հայկական կողմը պահպանի խոստումը, այլապես առանց որևէ ֆինանսական մասնակցության զուր կանցնի Հայաստանում հայ ռեժիսորի կողմից հայկական ֆիլմ նկարահանելու փայփայած գաղափարը:

Նկատի ունենալով, օրինակ, այնպիսի փոքր երկրների կինոփորձը, ինչպիսիք են Ռումինիան կամ Ղազախստանը, Մարիան հավատում է, որ մենք էլ ի վիճակի ենք քանդել անգործության մատնված համակարգերը, կոտրել փակուղի տանող կարծրատիպերն ու ստեղծել նոր մի երևույթ, որը կկրի հայկական կինո անունը:

XS
SM
MD
LG