Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Թուրքիային կոչ է անում «վճռականություն» հանդես բերել


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին հղած ուղերձում կոչ է արել հանդես բերել վճռականություն եւ արագացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման գործընթացը։

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը իր ուղերձը հղել է փետրվարի 9-ին՝ Թուրքիայի օդային տարածքով Մեծ Բրիտանիա ուղեւորվելիս։

«Հայ եւ թուրք ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին։ Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության եւ սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի», - ասել է Հայաստանի նախագահը եւ ընդգծել. - «Այլապես, երբ հակասում են գործն ու խոսքը, դա ծնում է անվստահություն եւ թերահավատություն` գործունեության լայն դաշտ բացելով գործընթացին դեմ ուժերի համար»:

Հայաստանի նախագահը նաեւ ակնարկել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը պետք արագացնել՝ ասելով. - «Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ` իմաստազրկում այն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG