Մատչելիության հղումներ

Տիգրան Բալայան. «Նախագահն ու արտգործնախարարը բազմիցս արտահայտել են Հայաստանի դիրքորոշումը»


«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը այսօր անդրադարձել է մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայանալիք Հայոց ցեղասպանության ճանաչման (թիվ 252 բանաձեւի) քվեարկությանը։

<Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումնը բազմիցս արտահայտել են Հայաստանի նախագահն ու արտգործնախարարը։ Մասնավորապես, Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերի վերաբերյալ մեր տեսակետը արտահայտվել է Հայաստանի նախագահի անցած տարվա հոկտեմբերի 10-ի ուղերձում։ Վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արտգործնախարարը նույնպես անդրադարձավ այդ հարցին։ Հավելելու որեւէ բան չունեմ»,- ասաց Տիգրան Բալայանը։

Հիշեցնենք, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին` Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ժամեր առաջ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հատուկ ուղերձով, ուր մասնավորապես ասված էր. - «Ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու Ցեղասպանության իրողությունը։ Այն հայտնի փաստ է եւ պետք է ճանաչվի ու դատապարտվի ողջ առաջադեմ մարդկության կողմից։ Միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ»։

Իսկ հունվարի 17-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր.- «Հայաստանի Հանրապետության նախագահը բազմիցս հայտարարել է այս հարցի վերաբերյալ, եւ նույնը՝ արտգործնախարարը։ Ես դրա մասին ասել եմ նաեւ ի պատասխան թուրք լրագրողի հարցին` հարյուրավոր այլ լրագրողների ներկայությամբ մամլո ասուլիսի ընթացքում՝ Ստամբուլում, երբ ես ասացի, որ Հայաստանը Ցեղասպանության իրողությունը ու միջազգային ճանաչման կարեւորությունը երբեւէ կասկածի տակ չի դնի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG