Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը ամփոփեց անցած տարին


Armenia -- Head of the Armenian Police Alik Sargsian at a press conference, 21Aug2009

Armenia -- Head of the Armenian Police Alik Sargsian at a press conference, 21Aug2009

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց անցած տարին՝ նշելով, որ «երկրում ներքաղաքական կայունությունը հնարավորություն է ընձեռել ոստիկանությանը լիարժեք կերտրոնանալ օրենքով իրեն վերապահված խնդիրների վրա», ինչի արդյունքում բացահայտվել է կրկնակի ավելի շատ հանցագործություն, քան նախորդ տարում:

Այդուհանդերձ, չի հաջողվել բացահայտել ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանությունը: Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ «որոշ ձեռքբերումներ» այդ ուղղությամբ ունեն, որոնք այս տարվա ընթացքում «իրենց դրական արդյունքները կտան»:

Ոստիկանապետը նշեց, որ 2009-ին աննախադեպ է եղել հայտնաբերված կոռուպցիոն հանցագործությունների թիվը. հայտնաբերվել է 550 կոռուպցիոն հանցագործության դեպք, ինչը 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ:

Որպես օրինակ, Սարգսյանը ներկայացրեց Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ, արդարադատության փոխգնդապետ Կարինե Համբարձումյանի դեպքը, որ նույն հիմնարկի դատապարտյալներից մեկից պահանջել է 23 հազար 800 դոլար կաշառք՝ կիսաբաց ռեժիմի կարգավիճակ տրամադրելու, կալանքից վաղաժամկետ ազատելու եւ հետ համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու համար: Կարինե Համբարձումյանը ձերբակալվել է փետրվարի 4-ին:

Ալիկ Սարգյսանը խոստացավ, որ այս տարի բացահայտվելու են բազմաթիվ կոռուպցիոն դեպքեր:

«Վերջապես պետք է հստակ երեւա, թե ինչ ասել է կոռուպցիայի դեմ պայքար», - ասաց ոստիկանապետը՝ շարունակելով. - «Տնտեսական ոլորտներում, պետական կառույցներում այս խնդիրը լուրջ հոգածության կարիք ունի կոնկրետ ոստիկանության կողմից: Եվ մենք մեր տեսադաշտում կպահենք: Նման դեպքերը այս տարի բազմաթիվ կլինեն»:

Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը կտրուկ աճել է. եթե 2008-ին արձանագրվել էր հանցագործության մոտ 9000 դեպք, ապա 2009-ին այդ թիվը անցել է 14 հազարը: Սա ոստիկանապետը կապեց նաեւ հանցագործությունների «հաշվառումը թաքցնելու արատավոր պրակտիկան վերացնելու» հետ:

Օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների թիվը անցած տարվա համեմատ աճել է մոտ 5 անգամ, ինչը, ոստիկանապետի խոսքով, վկայում է, որ Հայաստանը դարձել է միջազգային հանցավոր խմբավորումների հետաքրքրության առարկա:

Անցած տարի ոստիկանությունը բացահայտել է թրաֆիքինգի 60 զոհի, որոնցից 27-ը սեռական շահագործման նպատակով տեղափոխվել են Թուրքիա եւ Արաբական Էմիրություններ:

Անդրադառնալով իրավապահ համակարգի աշխատակիցների կողմից կատարված օրինախախտումներին՝ ոստիկանապետը նշեց, որ նրանց նկատմամբ անցած տարի հարուցվել է 45 քրեական գործ, 44 ոստիկան ազատվել է աշխատանքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG