Մատչելիության հղումներ

ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ


ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ, ԱՊՀ-ի հարցերով Ռուսաստանի ազգային համակարգող Իգոր Շուվալովին:

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, Իգոր Շուվալովը նշել է, որ իր հայաստանյան այցի նպատակը 2010-ին ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ առաջիկա անելիքների քննարկումն է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարբեր կազմակերպությունների շրջանակում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Իգոր Շուվալովը Հայաստանի նախագահին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերը` մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետը այսօր նաեւ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Կառավարության կայքէջի հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են փոխգործակցության հարցերը երկկողմ հարաբերություններում եւ ԱՊՀ շրջանակներում` ընդգծելով համագործակցությունը գիտության ու նորարարության բնագավառներում։ Քննարկվել են նաեւ Հայաստանում միջուկային բժշկության զարգացման եւ հայ-ռուսական նորարական կենտրոնի բացման հեռանկարները։

Հայաստանի վարչապետը շեշտել է, որ չնայած տնտեսական ճգնաժամին` Հայաստանը կատարել է ԱՊՀ-ի շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունները, ընդ որում` ֆինանսական ներդրումները կատարվել են նախատեսված ժամկետից շուտ։ Միջոցներ են ձեռնարկվում ԱՊՀ-ի Տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի իրագործման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG