Մատչելիության հղումներ

logo-print

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի մարտի 4-ին


Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շուտով քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձեւը, որը հանձնաժողովին ներկայացվել էր դեռեւս 2009 թվականի մարտին։

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը, ով միշտ աջակցել է հայկական հարցերին եւ ամերիկահայ համայնքին, քվեարկության օր է նշանակել մարտի 4-ը։

Բանաձեւը, որը պետք է դրվի քվեարկության, անցյալ տարի մշակվել եւ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին է ներկայացվել Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Մարկ Քըրքի հովանավորությամբ։ Ներկայումս այս բանաձեւին աջակցում են 135 կոնգրեսականններ ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցություններից։

252 բանաձեւը ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը պատճաշ ըմբռնում արտացոլի այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկական զտումներին, եւ այն ցեղասպանությանը որը արձանագրված է Միացյալ Նահանգների փաստաթղթերում եւ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը։

Բանաձեւի ծանոթագրություններում այնուհետեւ շատ հստակ նշվում է. - «Հայոց ցեղասպանությունը ծրագրվել եւ իրականացվել է Օսմանյան Կայսրության կողմից 1915- 1923 թվականներին, որի արդյունքում տեղահանվել են 2 միլիոն հայեր։ Նրանցից 1,5 միլիոնը սպանվել է, կես միլիոն վերապրածներ վտարվել են իրենց տներից։ Այս ամենի արդյունքում վերացվեց հայերի 2500 տարվա ներկայությունը իրենց պատմական հայրենիքում։


Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը նման բովանդակությամբ բանաձեւեր ընդունել է 2000, 2005 եւ 2007 թվականներին։ Թեեւ այդ բանաձեւերը շատ մեծ աջակցություն էին վայելում Կոնգրեսում, Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության չեն դրվել, քանի որ թե՛ նախագահ Բիլ Քլինթոնը, եւ թե՛ նախագահ Ջորջ Բուշը կտրականապես դեմ արտահայտվեցին բանաձեւերի ընդունմանը՝ պատճառաբանելով, որ թուրքերը կարող են պատասխան քայլերի դիմել։

Այս անգամ եւս սպասվում է, որ 252 բանաձեւը կընդունվի արտաքին հարցերի հանձնաժողովի կողմից, սակայն պարզ չէ, թե արդյոք Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կհամաձայնի՞ այն քվեարկության դնել Ներկայացուցիչների տան լիագումար նիստում։ Այս անգամ Սպիտակ տունը այլ պատճառաբանություններ ունի՝ օրինակ այն, որ բանաձեւի ընդունումը կարող է խորտակել հայ-թուրքական մերձեցման գործընթացը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG