Մատչելիության հղումներ

Համաշխարհային աստղերը ձայնագրել են We Are The World երգը Հայիթիին օգնելու համար


Աստղերը ձայնագրում են We Are The World երգի նոր տարբերակը
Աստղերը ձայնագրում են We Are The World երգի նոր տարբերակը

Մայքլ Ջեքսոնի եւ Լայնլ Ռիչիի համահեղինակած We Are The World երգը, որը 25 տարի առաջ «Միացյալ Նահանգները հանուն Աֆրիկայի» նախագծի շրջանակներում հավաքեց ավելի քան 30 միլիոն դոլար Աֆրիկայի սովյալների համար, այժմ նոր բարեգործական առաքելություն է ստանձնել՝ օգնության հասնել հունվարի 12-ին աղետալի երկրաշարժից տուժած Հայիթիին:

Հայտնի ու սիրված ստեղծագործության նոր տարբերակը՝ Հայիթիին օգնելու առաքելությամբ, ձայնագրվեց հոլիվուդյան ավելի քան 75 համաշխարհային աստղերի մասնակցությամբ այն նույն ձայնագրման ստուդիայում, որտեղ 25 տարի առաջ սինգլը ձայնագրել էին Մայքլ Ջեքսոնը, Լայնլ Ռիչին, Սթիվի Ուանդերը, Թինա Թրները, Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը եւ այլոք:

Սելին Դիոնը, Փինքը, Բարբարա Սթրեյզենդը, Կարլոս Սանտանան, Ջենիֆեր Հադսոն եւ ուրիշներ, նոր կյանք տվեցին դասականների շարքն անցած փոփ երգին, երգեցին այն՝ հուսալով իրենց ներդրումն ունենալ այս անգամ Հայիթիին օգնելու գործում:

«Սա մեր տեսած ամենախոշոր ողբերգություններից մեկն է, Հայիթին երկրագնդի ամենաաղքատ վայրերից է։ Երբ դիտում ես տեսանյութերը, երբ կարդում ես, տեսնում երեխաներին, մարդկանց ովքեր փնտրում իրենց հարազատներին, մարդկանց, ովքեր խմելու ջուր անգամ չունեն... մի խոսքով, բոլորդ գիտենք, ես չէ որ պետք է պատմեմ, թե ինչ է այնտեղ կատարվում հիմա: Բայց այս ամենի տողատակում մի բան կա հաստատ՝ ոչ մեկն արժանի չէ այդ ամենին, կարեւոր չէ, թե աշխարհի որ ծայրում, ոչ ոք նման բանի արժանի չէ: Եվ մենք պարտավոր ենք օգտագործել մեր ձայնը, կամ այն ինչ ունենք, մենք պարտավոր ենք համախմբվել ու օգնության ձեռք մեկնել», - ասել է երգչուհի Սելին Դիոնը ձայնագրման ստուդիայում տված հարցազրույցի ընթացքում՝ ընգծելով. - «Մեզ համար, ինձ համար այստեղ գտնվելը նախեւառաջ պատասխանատվություն է»:

We Are The World երգի նոր տարբերակի պրեմիերան կկայանա փետրվարի 12-ին NBC հեռուստաընկերության եթերում եւ նույն օրը այն կկատարեն Վանկուվերում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:

Սինգլի վաճառքից ստացված ամբողջ գումարը կհատկացվի Հայիթիի օգնության հիմնադրամին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG