Մատչելիության հղումներ

Մյունխենի համաժողովի կարգախոսը` «Այլեւս ո'չ մի արդարացում»


Գերմանիա – Անվտանգության միջազգային համաժողով 2009, նիստերի դահլիճ, Մյունխեն, արխիվ

Գերմանիա – Անվտանգության միջազգային համաժողով 2009, նիստերի դահլիճ, Մյունխեն, արխիվ

Գերմանիայում` Բավարիայի երկրամասի մայրաքաղաք Մյունխենում, ուրբաթ օրը բացվում է անվտանգության 46-րդ միջազգային համաժողովը, որի կարգախոսն է «Այլեւս ո՛չ մի արդարացում»։ Համաժողովի նախագահ, դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերն ասել է, թե ինքն այդ կարգախոսով ցանկանում է ավելի քան 300 մասնակիցներին նկատել տալ, որ անվտանգության հարցում հարկ է խոսքից անցնել գործի։

Այսօր բացվող այդ հեղինակավոր հավաքին ԱՄՆ-ից մասնակցում են փոխնախագահ Ջո Բայդենը, պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը, անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեյմս Ջոնսը, Աֆղանստանում եւ Պակիստանում հատուկ բանագնաց Ռիչարդ Հոլբրուքը։

Մասնակիցների թվում են Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, գործող եւ պաշտոնաթող բարձրաստիճան ղեկավարներ այլ երկրներից։

Համաժողովի ընթացքում քննարկվելու են միջազգային անվտանգության հրատապ խնդիրները` Իրանի միջուկային ծրագիրը, Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի հակամարտությունները, բնական պաշարների նվազումը, կլիմայի փոփոխությունները, միջուկային սպառազինությունների կրճատումն ու չտարածումը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթում կներկայացվեն պարզաբանումներ եվրոպական եւ համաշխարհային անվտանգության հարցում նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնության վերաբերյալ։

Ենթադրվում է, որ Ադրբեջանի պատվիրակները կխոսեն Լեռնային Ղարաբաղի, իսկ վրացիները` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի մասին։

Վրաստանից մյունխենյան համաժողովին մասնակցում են արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, իսկ ընդդիմադիր գործիչներից՝ Իրակլի Ալասանիան։

Հայաստանի արտաքին գործոց նախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը օրերս «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այց Մյունխեն չի նախատեսված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG