Մատչելիության հղումներ

Ամերիկացի քաղաքագետը համոզված է, որ ԱՄՆ-ը «ճնշում է գործադրում թուրքերի վրա»


Ամերիկացի քաղաքագետ Դեւիդ Ֆիլիփսը:
Ամերիկացի քաղաքագետ Դեւիդ Ֆիլիփսը:

«Եթե [հայ-թուրքական] արձանագրությունների վավերացումը անհաջողության մատնվի եւ [դրա հետ կապված] դիվանագիտությունն էլ ձախողվի, այն կարող է լրջորեն ազդել Միացյալ Նահանգներ - Թուրքիա հարաբերությունների վրա», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայան ասաց 2001-2004 թվականներին Հայ-թուրքական հաշտեցման հայտնի հանձնաժողովը նախագահած ամերիկացի քաղաքագետ Դեւիդ Ֆիլիփսը։

«Հավատում եմ, որ Օբամայի վարչակազմը ճնշում է գործադրում թուրքերի վրա ամենաբարձր մակարդակով։ Եվ եթե արձանագրությունները վավերացվեն Անկարայում, ապա այդ ճնշումը կնվազի», - շարունակեց ամերիկացի քաղաքագետը:

Նա ասաց, որ դեռեւս Բուշ-կրտսերի վարչակազմի օրոք ամերիկյան պաշտոնյաներն իրենց թուրք գործընկերներին մշտապես մատնացույց էին անում հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտությունը` ավելացնելով, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ի դիրքրոշումը որոշակի «էվոլյուցիայի ենթարկվեց». - «Բայց [այս գործընթացում] ԱՄՆ-ի լծակները չպետք է թերագնահատվեն։ Եվ ներկայումս սա ճիշտ է այնքան, որքան ճիշտ էր այն ժամանակ»:

«ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգի այցը Երեւան հստակ ցուցիչ է, որ Բարաք Օբամայի վարչակազմը հասկանում է հարցի կարեւորությունը եւ կարիք ունի բարձրացնելու իր ներգրավվածության մակարդակը [գործընթացում]։ Մոտ ապագայում այս լծակի կիրառումը պետք է ակտիվացվի», - ասաց Ֆիլիփսը՝ շարունակելով, թե չի կարծում, որ Սթայնբերգի այցը Երեւան եւ այստեղ իր ունեցած քննարկումները հայ-թուրքական բանակցություններում փոփոխությունների անմիջական պատճառ հանդիսանան։ Բայց այդ քննարկումները` ամերիկացի պաշտոնյաների հետ այլ քննարկումների հետ մեկտեղ, կարող են դրական ներգործություն ուենալ բանակցությունների վրա եւ «առաջ մղեն արձանագրությունների վավերացումը»։

Միեւնույն ժամանակ, Ֆիլիփսն ասաց, թե Երեւանը սխալ թույլ կտա, եթե չեղյալ հայտարարի արձանագրությունները. - «Ամեն դեպքում Հայաստանի իշխանությունները պետք է ամեն հնարավորը անեն` հաստատելու իրենց վճռականությունը գործընթացի նկատմամբ։ Կարծում եմ, Հայաստանի նախագահը կարող է ներկայացնել արձանագրությունները Ազգային ժողովին` առանց քվեարկության դնելու անհրաժեշտության։ Ու եթե դրանից հետո էլ թուրքական կողմը որեւէ քայլ չձեռնարկի, Հայաստանը կարող է ասել, որ ինքը ամբողջովին կատարել է իր պարտավորությունները եւ պատրաստ է առաջ ընթանալու։ Այդ դեպքում դիվանագիտական ձախողման պատասխանատվությունը կընկնի Անկարայի վրա»։

Հարցին, թե որքա՞ն Երեւանը պետք է սպասի, որպեսզի թուրքական կողմը վավերացնի արձանագրությունները, Ֆիլիփսը արձագանքեց. - «Ես չէ որ պետք է վերջնաժամկետների մասին խոսեմ։ Բայց ես գիտեմ, որ ներքաղաքական զարգացումների պատճառով այս կամպանիան անժամկետ գործընթաց է։ Հայոց ցեղասպանության տարելիցը` ապրիլի 24-ը, ամրագրվել է որպես հնարավոր վերջնաժամկետ։ Թե ինչքանով է ապրիլի 24-ը վերջնաժամկետ, պետք է որոշի Հայաստանի կառավարությունը, բայց հստակ է, որ պետք է վերջնաժամկետ լինի։ Երբ վերջնաժամկետը կլինի, այն կստիպի թուրքերին որոշում կայացնել։ Բայց եթե այս գործընթացը շարունակվի, այն ի վերջո կարող է մեզ տանել դեպի թուրքական նախընտրական ցիկլ, եւ ինչքան գործըթնացը երկար տեւի, այնքան ավելի դժվար կլինի այն ավարտել։ Ուստի կարեւոր է, որ գործն ավարտին հասցվի որքան հնարավոր է շուտ»:

Ֆիլիփսը շարունակեց, որ եթե անգամ Անկարայում կարծում էին, թե արձանագրությունների ստորագրմամբ կխոչընդոտվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, ապա սխալվում էին։ Եվ ավելացրեց, թե ինքը համոզված է, որ իրականում Անկարայում այդպես չէին կարծում։ Ուստի, ըստ Ֆիլիփսի, Թուրքիայի բողոքները Հայաստանի Սահմանադրական դատարանի հայտնի որոշման վերաբերյալ չեն կարող վստահություն ներշնչել։

Դեւիդ Ֆիլիփսը անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությանը հայ-թուրքական բանակցություններին:

«Այդ առումով արձանագրությունները շատ հստակ են. այնտեղ եւ հավելվածներում որեւէ հիշատակում չկա Լեռնային Ղարաբաղի մասին», - ասաց Ֆիլիփսը` ընդգծելով, որ, իհարկե, առաջընթացը Ղարաբաղյան հակամարտությունում կնպաստի հայ-թուրքական մերձեցմանը, սակայն դա նախապայման չէ։

Նա հույս հայտնեց, որ արձանագրություններն ի վերջո կվավերացվեն, ինչը նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում եւ օգտակար կլինի Հայաստանի ու Թուրքիայի համար։

«Սակայն եթե գործընթացը առաջ չգնա, կարեւոր է, որ ձախողման պատասխանատվությունը հստակորեն բաշխվի կողմերի միջեւ», - եզրափակեց Ֆիլիփսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG