Մատչելիության հղումներ

Նոբելյան մրցանակակիրը Թուրքիայում իրեն ապահով չի զգում


Թուրք անվանի գրող Օրհան Փամուկ
Թուրք անվանի գրող Օրհան Փամուկ

«Թուրքիայում կան մարդիկ, ովքեր ջանք չեն խնայում Եվրոպական Միության հետ հարաբերությունները փչացնելու համար», - BBC-ին տված հարցազրույցում ասել է թուրք անվանի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը։ Արձակագրի խոսքով, ինքը Թուրքիայում իրեն այսօր այնքան էլ ապահով չի զգում։

«Թուրքական կառավարությունն ինձ թիկնապահներ է տրամադրել։ Իշխանությունները կարծում են, որ ես ունեմ թիկնապահների կարիք։ Ես համարում եմ, որ նրանք ճիշտ են վարվել», - ասել է Փամուկը՝ հավելելով. - «Դրա հետ մեկտեղ, չէի ցանկանա այս թեմային շատ մանրամասնորեն անդրադառնալ, քանի որ նախորդ տասնամյակներում բազմաթիվ մարդիկ են ենթարկվել քաղաքական ճնշումների։ Այդ ֆոնին ինձ հետ կատարվածը ես չէի ցանկանա անգամ հիշատակել»։

Թուրք արձակագրի համոզմամբ, այն բոլոր ճնշումները, որոնց ինքը ենթարկվել է վերջին հինգ տարիներին, իրականում համակարգված արշավի մաս էին կազմում։

«Ինձ շատ են զայրացնում այն թուրքերը, ովքեր դիմում են տարբեր տեսակի սադրանքների, որպեսզի արգելափակեն երկրի մուտքը Եվրամիություն։ Իմ դեմ իրականացված դատական ճնշումները այդ սադրանքերի միայն մի մասն էին։ Այդ մարդիկ չեն ցանկանում, որ երկրում բաց հասարակություն ձեւավորվի։ Նրանց ողջ հույսը հեղաշրջումներն են։ Կարծում եմ, որ Քեմալ Աթաթուրքի երազանքը կլիներ, որ Թուրքիան անդամակցեր Եվրամիությանը»,- նշել է գրողը՝ նկատելով, սակայն, որ Անկարայի եւ Բրյուսելի հարաբերությունները գնալով վատանում են։

«Այդ հարաբերություններն այսօր պարզապես խնդրահարույց չեն. այսօր այդ հարաբերությունները վատ են։ Կա երկու Եվրոպա, եւ եվրոպաներից մեկը՝ Սարկոզիի եւ Մերկելի Եվրոպան, պնդում է, թե Եվրամիությունն իրականում քրիստոնեական ակումբ է։ Երբ նրանք Թուրքիային Արտոնյալ գործընկերության ծրագիր են առաջարկում, դա քաղաքավարի մերժման մի ձեւ է», - համոզված է թուրք գրողը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG