Մատչելիության հղումներ

2009 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի 300 խոշոր հարկատուների վճարած հարկերը, նախորդ տարվա համեմատությամբ, նվազել են շուրջ 18 տոկոսով։

Վճարված հարկերի այսպիսի նկատելի նվազումը պայմանավորված է, թերեւս, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով։

2009 թվականին հարկային մարմինների հավաքագրած 520 միլիարդ դրամ հարկերից եւ տուրքերից 232 միլիարդը, Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներով, պետբյուջե են վճարել Հայաստանի 100 խորոշ հարկատուները։

Անցած տարի Հայաստանում ամենախոշոր հարկատուն «ՀայՌուսգազարդ» ընկերությունն է եղել, որ վճարել է 18 միլարդ 414 միլիոն դրամ հարկ:

Թեեւ ընկերությունը միշտ էլ տեղ է զբաղեցրել երկրի խոշորագույն հարկատուների առաջին տասնյակում, սակայն առաջին անգամ է գլխավորում ցուցակը: Պաշտոնապես «ՀայՌուսագազարդ»-ը հայտարարել է, որ 2009-ը փակել է վնասով, քանի որ շուրջ 20 տոկոսով նվազել է գազի սպառումը:

Անցած տարի, հիշեցնենք, գազի իրացման գները բարձրացել են, եւ այժմ էլ «Հայռուսգազարդ»-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` բնակչության համար սպառվող գազի գինը 41 տոկոսով բարձրացնելու հայտով։

Երկրորդ տեղում Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս-Գրիգ» ընկերությունն է՝ վճարած 16 մլրդ 120 մլն դրամ հարկերով։ Շուրջ 100 միլիարդ դրամի հասնող շրջանառություն ունեցող այս ընկերությունը վճարել է ընդամենը 46 միլիոն դրամի շահութահարկ եւ եկամտահարկ, սակայն դա ճգնաժամի հետ կապ չունի. 2008-ին, օրինակ, երբ ճգնաժամ չկար, «Ալեքս-Գրիգ»-ի 12,5 միլիարդ ընդհանուր հարկերի 21,5 միլիոն դրամն էր միայն ուղղակի հարկը։

Համեմատության համար նշենք, որ նույն Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի-Ֆարմ» դեղորայք ներմուծող ընկերությունը` 30-րդը ցուցակում, վճարել է 261 միլիոն դրամի շահութահարկ եւ եկամտահարկ, գրեթե նույնքան, որքան անցած տարի։ Ներկայացված թվերի տրամաբանությամբ, դեղորայքի նեմուծումը Հայաստան ավելի եկամտաբեր բիզնես է, քան շաքարի, ալյուրի ու ձեթի մենաշնորհային ներկրումը։

Երրորդ տեղում է հայտնվել անցած տարվա առաջատարը՝ «Ղ-Տելեկոմ»-ը։ Այս ընկերությունը, 2008-ի համեմատ, գրեթե կրկնակի պակաս հարկ է վճարել` 15 մլրդ 916 մլն դրամ։ Ընկերության խոսնակ Վահե Իսահակյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «Ղ-Տելեկոմ»-ի վճարած հարկերը նվազել են, քանի որ ճգնաժամի պայմաններում բաժանորդները «նախընտրում են խոսել ավելի քիչ»։ Բացի այդ, 2008 թվականին ընկերությունը ներմուծել էր բարձր տեխնոլոգիական սարքավորումներ, որոնց համար վճարել էր 9,5 միլիարդ դրամ ԱԱՀ։

Բջջային մյուս օպերատորը` «ԱրմենՏել»-ը, հարկերի վճարման ցուցանիշով հայտնվել է 4-րդ տեղում։

Հինգերորդ տեղում է «Ֆլեշ» ընկերությունը, որի փոխնախագահ Մուշեղ Էլչյանի խոսքով, անցած տարվա առաջին երկու եռամսյակներում «Ֆլեշ»-ի ներկրած վառելիքի ծավալները նվազել էին, սակայն տարվա կեսից իրավիճակը շտկվել է։ Արդյունքում ընկերությունը նախորդ տարվա համեմատ 1 միլիարդով ավելի` 11, 5 միլիարդ դրամ հարկ է վճարել։ Այս ամենի հետ մեկտեղ, վառելիք ներկրող ընկերությունները շատ քիչ եկամտահարկ ու շահութահարկ են մուծում: «Ֆլեշ»-ը, օրինակ, ընդամենը 82 միլիոն ուղղակի հարկ է մուծել:

Ինչպես միշտ, բարձր ցուցանիշներ է արձանագրում ծխախոտի արտադրության եւ ներկրման բիզնեսը։ Իսկ առավել խոշոր հարկատուների առաջին տասնյակում հայտնվել է «Ֆիլիպ Մորիս»-ի հայաստանյան դիստրիբյուտորը, որը վճարել է ավելիք քան 6 միլիարդ եւ 9-րդ տեղում է։ Նշենք, որ «Վիդիս Դիսթրիբյուշն»-ը իր գործունեությունը ծավալել է 2008-ի կեսից, իսկ մինչ այդ «Ֆիլիպ Մորիս»-ի արտադրանքի ներկրումը իրականացնում էր խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Պարես Արմենիա» ընկերությունը, որը նախորդ տարիներին տեղ էր զբաղեցնում առաջին տասնյակում։ Հարկ է նշել, որ Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերությունների վճարած հարկերի համախառն արդյունքը նախորդ տարիների համեմատ շեշտակի անկում է ապրել, որոշ ընկերություններ, օրինակ, «Բջնի» հանքային ջրերի գործարանը ընդհանրապես չի ընդգրկվել խոշոր հարկատուների ցուցակում։

Ուսումնասիրելով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը՝ պարզ է դառնում, որ հիմնական հարկային եկամուտները ապահովողները ներմուծող կամ ծառայություն մատուցող ընկերություններ են։

«Մենք առավելապես սպառողական երկիր ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը՝ շարունակելով. - «Նաեւ դրանով է պայմանավորված, որ խոշոր հարկատուների ցուցակի վերին հորիզոնականում կամ ներմուծողներ են, կամ ծառայություններ մատուցող կազմակերպություններ, կամ ենթակառուցվածքները ներկայացնող՝ գազ, կապ եւ այլն: Սա հուշում է, որ Հայաստանը դեռեւս արտահանմանը միտված եւ արտադրության զարգացմանը միտված տնտեսական համակարգ չունի»:

Անդրանիկ Թեւանյանի դժվարանում է ասել` հայաստանյան խոշոր գործարարների, օլիգարխների իրական եկամուտների որ մասն է իսկապես հարկվում, սակայն, նրա խոսքով, ակնհայտ է, որ ստվերային տնտեսություն Հայաստանում առկա է, այն էլ՝ մեծ ծավալներով. - «Կա երկու՝ ֆորմալ եւ ոչ ֆորմալ բյուջե: Այդ ոչ ֆորմալը միգուցե շատ ավելի մեծ է, քան այն, ինչ մենք տեսնում ենք: Խոշոր գործարարները, ինչպես հայտնի է, ներգրավված են նաեւ քաղաքական գործընթացների մեջ, եւ բոլոր այն ընտրակեղծիքները, որ կատարվում են, կատարվում են նաեւ իրենց միջոցով: Միգուցե այդ չերեւացող մասը [ֆինանսական հոսքերի] հենց այդտեղ կանոնակարգվում է. իրենք, մեծ հաշվով, վճարում են այդ գումարները, բայց դրանք ուրիշ տեղում են հայտնվում»:
XS
SM
MD
LG