Մատչելիության հղումներ

Փետրվարի 4-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. - «Այս տարվա փետրվարի 3-ը մի տեսակ աննկատ անցավ։ Որեւէ մեկն առանձնապես չհիշեց էլ, որ տասներկու տարի առաջ այդ օրը Հայաստանի նորագույն պատմության թերեւս կարեւորագույն իրադարձությունն է տեղի ունեցել՝ երկրում իրականացվել է պետական հեղաշրջում, եւ Երրորդ Հանրապետության հիմնադիր նախագահը «հայտնի ուժերի» ճնշման տակ հրաժարական է տվել։ Ընդ որում, խնդիրը հիմնադիր նախագահի հրաժարականը չէր. խնդիրն այն էր, որ այդ օրը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կտրուկ շրջադարձ արձանագրեց, փոխվեց պետականության կայացման հայեցակարգը, փոխվեցին գաղափարախոսության առանցքային շեշտադրումները եւ այլն։ Պարզ ասած, 1998-ի փետրվարի 3-ին Հայաստանն այլ պետություն էր, փետրվարի 4-ին՝ միանգամայն այլ»։

Զարգացնելով այն միտքը, թե արեւմտյան զանազան դիտորդները Հայաստան են այցելում ավելի շատ առօրյա աշխատանքային պարտավորություններ կատարելու, քան այստեղ իրական ժողովրդավարությունը խթանելու նպատակով՝ «Առավոտ»-ի խմբագիրը մի օրինակի վկայաբերմամբ հետեւյալ ամփոփումն է անում. - «Շուտով կգան Պրեսկոտն ու Կոլոմբիեն, կխորանան «մարտի 1»-ի գործի մեջ եւ կպարտադրեն մեր իշխանություններին բացահայտել այդ օրը տեղի ունեցած սպանությունները: Արեւմուտքին եւ, մասնավորապես, այդ պարոններին միանգամայն ձեռնտու է Հայաստանի ներկայիս վիճակը, մեր երկրի հետագա զարգացմամբ նրանք բացարձակապես շահագրգռված չեն եւ իրենց վերաբերմունքը վաղուց արդեն ձեւավորել են, իրենց զեկույցների լղոզվաժ մտքերը վաղուց արդեն ձեւակերպել են: Եվ խնդիրը բացարձակապես այն չէ, որ Դավիթ Հարությունյանը նրանց կոնյակ է խմեցնում, եւ դրա ազդեցության տակ նրանք աչք են փակում հանցագործությունների վրա: Արեւմուտքից գործուղված մարդիկ միանգամայն սթափ վիճակում իրագործում են իրենց երկրների քաղաքականությունը: Այն է՝ «սրանք վայրենի են, միեւնույն է՝ նորմալ պետություն ստեղծողը չեն, այն, ինչ նրանք ունեն, նրանց բոլ-բոլ է՝ մի բան էլ ավելի»: Գուցե մենք արժանի՞ ենք նման վերաբերմունքի»:

«168 ժամ»-ը մեկնաբանում է ԱՄՆ-ի հետախուզական ծառայության տնօրենի այն հայտարարությունը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բախման հավանակությունը մեծացել է: Թերթը գրում է. - «Արեւմուտքը իշխանություններին է վախեցնում պատերազմի վերսկսման վտանգով, իշխանությունները՝ հասարակությանը: Իսկ հաշվարկը, ամենայն հավանականությամբ, այն է, որ հասարակությունը ազատագրված տարածքների հանձնումը կգերադասի պատերազմի վերսկսման հնարավորությունից՝ այդպիսով չընդդիմանալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր փաստաթղթի ստորագրմանը: Սա, ինչպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն են սիրում ասել, կոչվում է «հասարակություններին նախապատրաստելու գործընթաց»:

Այսօրվա համարում «Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հարցազրույցը Ազգային ժողովի փոխնախագահ (ՀՀԿ) Սամվել Նիկոյանի հետ: Վերջինս, խոսելով «կեղտոտ սպիտակեղենը» երկրից դուրս հանելու անթույլատրելիության մասին, նշում է. - «Թուրքիան խորհրդարանական կուսակցություն փակեց, մարդու իրավունքների հետ կապված հազարումի խնդիրներ ունի՝ իր սպիտակեղենը հանե՞ց դուրս, որեւիցե թուրք պատգամավոր վեր կացավ, մատի փաթաթան դարձրե՞ց այդ խնդիրը։ Ադրբեջանցի որեւէ պատվիրակ իրեն թույլ կտա՞ շահարկել իր ներքին խնդիրները, երկիրը դարձնել ծաղրուծանակի առարկա եվրոպական այս կամ այն ատյանում։ Նույնը կարելի է ասել Վրաստանի, Ռուսաստանի, հետխորհրդային մյուս երկրների մասին։ Ի վերջո, դատավորնե՞րն ովքեր են. ԵԽ Խորհրդարանական վեհաժողո՞վը, որը բերեց, մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեցող Թուրքիայի ներկայացուցչին դարձրեց նախագահ։ Որտե՞ղ եք ուզում ձեր կեղտոտ սպիտակեղենը լվանալ»։

«Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբանն անդրադառնում է նոր հարկատեսակներ սահմանող աղմկահարույց օրինագծին՝ մասնավորապես, կանգ առնելով անմշակ հողերի համար սահմանվող հարկին: Հոդվածագիրը հարց է տալիս. - «Այս օրենքը մշակած անմեղսունակները երբեւէ մտածե՞լ են, թե ինչու են Հայաստանում հողերն անմշակ մնում: Այս ի՞նչ հրաշք է՝ ԱՄՆ-ում արտադրված կաթը սուպերմարկետներում վաճառվում է ավելի էժան, քան հայ գյուղացու կթած կաթը մեր շենքերի բակերում է վաճառվում: Բայց ԱՄՆ-ի գյուղացին, ավելի էժան կաթը վաճառելով, մի քանի տասնյակ անգամ ավելի շատ եկամուտ է ստանում, քան հայ գյուղացին: Այդ ի՞նչ հրաշք է, որ Թուրքիայից ու Իրանից ներկրված լոլիկը, վարունգը, բիբարը, սոխը, սխտորը, լոբին, հավկիթը Հայաստան են բերում, եւ ճանապարհածախսն ու հարկերը հետը ավելի էժան է ստացվում, քան չհարկվող գյուղատնտեսություն ունեցած Հայաստանում աճածը: Այս «հրաշքները» պարզելու փոխարեն, մեր անմեղսունակները նման օրենսդրական փաթեթներ պատրաստելու վրա են աշխատում: Իսկ գուցե հենց դա՞ է պատճառը, որ իրենց իսկական գործը թողած՝ մեր անմեղսունակներն իրենց սեփականատերերի համար նման փաթեթներ են պատրաստում»:

Նույն հարկային բեռի ավելացման հարցին է անդրադառնում նաեւ «Հրապարակ»-ը. - «Փոխանակ թեթեւացվի մեր հարկատուների բեռը, որ արտադրությունը խրախուսվի, որ միջին ու մանր ձեռնարկատերերը կարողանան շունչ քաշել եւ ոտքի կանգնել, դիմում են հարկային բեռն ավելացնելուն: Մինչդեռ, այն երկրները, որտեղ ուզում են արագ աճ ապահովել, խուսափում են իրենց բնակչության նկատմամբ ավելորդ հարկեր սահմանելուց, հակառակը՝ անորոշ ժամանակով ազատում են հարկերից, որ երկիրը գրավիչ դառնա ներդրողների եւ սեփական բնակչության համար: Արաբական Միացյալ Էմիրությունների վերջին 20-30 տարվա կտրուկ զարգացումը հենց այդպես է ապահովվել՝ մաքսային ու հարկային բեռից ներկրողներին, արտադրողներին ազատել են ու դրա դիմաց տնտեսության աննկարագրելի աճ ստացել: Էմիրությունների տնտեսական հրաշքը լավագույն օրինակն է, որից հարկավոր է օգտվել: Սակայն մեր տնտեսագետները նախընտրում են բյուջեն արագ լցնելու մեթոդները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG