Մատչելիության հղումներ

logo-print

Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է նոր համերգաշրջանը


Համերգային 2010-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սկսում է մեծ համերգով. փետրվարի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում նվագախմիբի հետ ելույթ կունենա իտալացի հանրահայտ ակորդեոնիստ Մարիո Ստեֆանո Պիետռոդարկին:

Ակորդեոնի համադրությամբ սիմֆոնիկ նվագախմբի համերգում հիմանկանում Աստոր Պիացոլայի գործերը կհնչեն:

«Հենց Պիացոլան շատ մեծ ուշադրություն դարձրեց ակորդեոնին, ավելի հանրահայտ ու հանրամատչելի դարձրեց», - «Մաքս լիբերթի»-ի հետ զրույցում ասաց երիտասարդական նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը:

Ստեղծագործական տարին խոստանում է անցնել բուռն. Վալերի Գերգիեւի հրավերով երիտասարդական նվագախումբը կմեկնի Մոսկվա:

Իսկ 2010-ի արտասահամանյան հյուրախաղերի հաջորդ կանգառը կլինի Գերմանիան, որտեղ, ինչպես փոխանցեց նվագախմբի տնօրենը, կմասնակցեն միանգամից երկու տարբեր փառատոնների` Կասել եւ Բեռլին քաղաքներում:

Ծրագրերը շատ են՝ ոչ միայն դրսում: Աննա Տեր-Հովակիմյանը հիշեցրեց, որ երիտասարդական նվագախումբը համագործակցում է հայաստանյան գրեթե բոլոր փառատոնների հետ` «21-ի հեռանկարներ», «Վերադարձ», «Ազգային պատկերասրահ», ինչպես նաեւ Արամ Խաչատրյանի անվանի միջազգային մրցույթի հետ:

Մայիսի 15-ին նվագախումբը ելույթ կունենա Գարի Քյոսայանի հետ:

«Երիտասարդ սերունդը կհամագործակցի ավագ սերնդի հետ: Ջազի եւ սիմֆոնիկի հետաքրքիր համադրություն է սպասվում», - ասաց Աննա Տեր-Հովակիմյանը:

Այս տարի կշարունակվի նախորդ տարի սկսած համերգաշարը հայաստանյան բուհերում:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը այս տարի 5-րդ տարեդարձն է նշում: 75 երաժիշտներից կազմված նվագախմբում բացառապես երիտասարդներ են` 18-ից 24 տարեկան: Գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը 22 տարեկան է:
XS
SM
MD
LG