Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանը տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն


Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյան

Հետընտրական իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր առավոտյան դատապարտյալների հիվանդանցից տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն` սրտի հետազոտության։ ԼՐԱՑՎԱԾ

Հետընտրական իրադարձությունների առնչությամբ անազատության մեջ գտնվող Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը չորեքշաբթի օրը դատապարտյալների հիվանդանցից տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն` սրտի հետազոտության։

Նորք Մարաշ բժշկական կենտրոնում սրտի նախնական հետազոտությունից հետո, որոշվել է Միքայելյանին քաղաքացիական հիվանդանոցում պահել առնվազն մինչեւ շաբաթավերջ։

Հետազոտող բժիշկ Մերուժան Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ առկա է սրտանոթի 80 տոկոս նեղացում, ինչը համապատասխան բժշկական միջամտության բացակայության պարագայում սրտի ինֆարկտի վտանգ է պարունակում։ Առաջիկա օրերին նախկին պատգամավորի սրտի վրա վիրահատություն կկատարվի։

«Շատ բարդ մանիպուլյացիա չէ։ Կարծում եմ պետք է ամեն ինչ բարեհաջող ընթանա», - հայտնեց Սասուն Միքայելյանի բուժող բժիշկ Արեւիկ Ստեփանյանը։ - «Վաղը կամ մյուս օրը կկատարվի ստենտավորումը, որից հետո եւս երկու-երեք օր կմնա մեր հսկողության տակ եւ դուրս կգրվի»։

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորվելուց հետո Սասուն Միքայելյանի մոտ ի հայտ էին եկել եկել շնչառական ուղիների եւ սրտի հետ կապված առողջական խնդիրներ։ Դեկտեմբերին «Արմենիա» բժշկական կենտրոնում նախկին պատգամավորի շնչուղիների շրջանում միանգամից մի քանի վիրահատություն էր կատարվել։ Բուժող բժիշկը ահազանգել էր, որ Միքայելյանի մոտ կան նաեւ սրտանոթային խնդիրներ։

Անցյալ շաբաթ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ էր հղել Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին` խնդրելով Սասուն Միքայելյանի հետազոտությունը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG