Մատչելիության հղումներ

Ինքնասպանություն գործած զինծառայողի հարազատները մեկնաբանում են վերջին արյունալի միջադեպը ադրբեջանական բանակում


Ադրբեջան – Բեյալի Ազիզով (Էլհան Ազիզովի հայրը). 01-ը փետրվարի, 2010թ.

Ադրբեջան – Բեյալի Ազիզով (Էլհան Ազիզովի հայրը). 01-ը փետրվարի, 2010թ.

Անցած շաբաթ Ադրբեջանի զինված ուժերում երկու շարքայիններ կրակ էին բացել հրամանատարների վրա՝ սպանելով 4 հոգու, ապա ինքնասպանություն գործել։ Ադրբեջանական իշխանությունները միջադեպի պատճառների առնչությամբ դեռեւս որեւէ բացատրություն չեն ներկայացրել։ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը զրուցել է ինքնասպանություն գործած շարքայիններից մեկի` Էլհան Ազիզովի հարազատների հետ:

«Իմ զարմիկը ստիպված է եղել սկզբում սպանել այդ մարդկանց, ապա ինքնասպան լինել, քանի որ զորամասում նրան ճնշում էին: Ցավոք սրտի, հաստատ ոչինչ այլեւս չենք կարող ասել: Բոլոր պրոբլեմները Էլհանը տարավ իր հետ», - նշում է զինվորի հորաքույր Lատաֆատ Ազիզովան:

Էլհան Ազիզովի հայրը` Բեյալին, որոշ մանրամասներ է հաղորդել ողբերգությանը նախորդած դեպքերի մասին։

«Միջադեպից 45 րոպե առաջ իմ որդին զանգահարել է եղբոր բջջային հեռախոսին եւ հրաժեշտ տվել», - ասել է Ազիզովը՝ հավելելով, թե իրեն այդ հեռախոսազանգը անհանգստացրել էր:

«Ես որոշել էի հաջորդ օրն իսկ մեկնել Դաշքեսան, սակայն երեկոյան հեռուստատեսությամբ հաղորդեցին տեղի ունեցածի մասին», - նշում է զինվորի հայրը, անկեղծորեն խոստովանելով, թե չի հասկանում` ինչը կարող էր զորացրման շեմին գտնվող իր որդուն նման ծայրահեղ քայլի դրդել:

Ադրբեջան – Էլհան Ազիզովի հորաքույրը, 01-ը փետրվարի, 2010թ.
Ազիզովների ընտանիքում համոզված են` իրենց որդու հետ կատարվածի հիմնական պատճառը երկրի զինված ուժերում տիրող անառողջ մթնոլորտն է:

Սպանված զինվորի հորաքույրը՝ Lատաֆատ Ազիզովան, ասում է. - «Իմ որդին էլ է բանակում ծառայել: Նրան էլ էին զորամասում ճնշում, մարմինը վերքերով էր պատված, թեեւ որդիս երբեք չէր բողոքում: Այսօր մենք միայն մի պահանջ ունենք` անաչառ կերպով հետաքննել Էլհանի հետ կատարվածը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG