Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի ներկայացուցիչը սուր քննադատության է ենթարկում իշխանությունների արտաքին քաղաքականությունը


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը երեքշաբթի օրը սուր քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը՝ մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների առումով: ԼՐԱՑՎԱԾ

Հայաստանի իշխանությունները, նրա խոսքով՝ իրենց իսկ մեղքով, հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ տեղիք է տվել միջազգային հանրության «աննախադեպ ճնշումների» Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

«Նման իրավիճակում Սարգսյանի վարչախումբը հանդես եկավ ճգնաժամը կարգավորելու մի ծրագրով, այնպես կոչված՝ նախաձեռնողական արտաքին քաղաքականության շրջանակներում», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Զուրաբյանը՝ պարզաբանելով, որ նկատի ունի Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:

Նրա խոսքով, այդ արձանագրություններով «ռեժիմը ընդունեց պատմական հանձնաժողով ստեղծելու՝ Թուրքիայի պահանջը՝ [հայ-թուրքական] սահմանը բացելու խոստման դիմաց». - «Ռեժիմը հաշվարկել էր, որ, գնալով բարոյական տեսակետից նման անընդունելի գործարքի, լուծելու է մի քանի խնդիրներ»:

Ընդդիմադիր գործչի մեկնաբանմամբ, եթե իշխանությունների սցենարը իրագործվեր, ապա, Սերժ Սարգսյանի հաշվարկներով, Հայաստանն արժանանալու էր միջազգային հանրության աջակցությանը, եւ կթուլացվեին ճնշումները Ղարաբաղի հարցում, ինչպես նաեւ՝ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում կապահովվեր Հայաստանի զարգացման հեռանկարը՝ անկախ Ղարաբաղյան խնդրի լուծումից:

«Սարգսյանի վարչախումբը նաեւ հաշվարկել էր, որ այդ աջակցությունը նրան թույլ կտա անպատիժ խեղդել ժողովրդավարական ազատությունների եւ երկրում լեգիտիմ իշխանության ձեւավորման համար ընդդիմության պայքարը», - ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ-ի համակարգողի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունը ձախողվել է. - «Այն, ինչ պիտի լիներ հայ-թուրքական հաշտեցման գործընթաց, վերածվել է, ըստ էության, հայ-թուրքական հակամարտության: Հնչում են արդեն փոխադարձ վիրավորական արտահայտություններ եւ մեղադրանքներ: Եվ, փոխանակ մենք ունենայինք կարգավորված հարաբերություններ, մենք ունենք ավելի թշնամացած հարաբերություններ»:

«Ձախողվեց այն հաշվարկը», - շարունակեց Զուրաբյանը, - «որ այդ գործարքով կթուլացվեն ճնշումները Ղարաբաղի հարցում: Իրականում Ղարաբաղի հարցում ճնշումները փոխադրվեցին Հայաստանի վրա, որի հետեւանքով Հայաստանը ստիպված առաջին անգամ նորանկախ պատմության մեջ համաձայնեց կարգավորել Ղարաբաղի խնդիրը տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ինչը հաստատվեց աթենքյան հայտարարությամբ եւ, ըստ որոշ տեղեկությունների, ներառված է Սոչիում համաձայնեցված նախաբանի մեջ»:

Նրա կարծիքով, Թուրքիայի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այնքան է մեծացել, որ Թուրքիան այսօր դե ֆակտո ձեռք է բերել Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակ:

«Ձախողումը այս ռեժիմին դրել է մի ընտրության առջեւ: Այն է՝ կամ զիջումների գնալ Ղարաբաղի հարցում, կամ բախվել տնտեսական ճգնաժամի այնպիսի խորացմանը, որը հղի է սոցիալական բունտերով», - հայտարարեց Կոնգրեսի համակարգողը:

Հայ-թուրքական հարաբերությունները այսօր շոշափվել են նաեւ Ազգային ժողովում՝ պատգամավորների հայտարարություններում:

«Նախաձեռնողականությունը [հայ-թուրքական հարաբերություններում] ոտքից գլուխ կեղծիք է մնում», - ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: - «Կեղծիք է մնում, որ իրենք արձանագրություններում չեն տեսնում թուրքական նախապայմանները: Կեղծիք է, որ ամեն ինչ ճիշտ են արել ու Հայաստանի շահերին ոչ մի վնաս չեն պատճառել»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Ռուբեն Գեւորգյանը ասաց. - «Հայ-թուրքական սահմանի բացումը, որը թեկուղ իրենից ենթադրի երկրում արձանագրվող տնտեսական զարգացման ինչ-որ հնարավորություն, կամ տարածաշրջանում ինչ-որ չափով մեր երկրի դերի բարձրացում, մեզ համար մեր արյան ու արժանապատվության դաշտից դուրս հասկացություններ են: Եվ մեր ժողովրդի մեջ գլխավորը ոչ թե քաղաքական կողմնորոշումը պետք է լինի, այլ հոգեբանական եւ ոգեղեն նկարագիրը: Այնժամ բոլոր ժամանակներում մենք կունենանք հաղթանակած երկիր եւ հաղթանակած ժողովուրդ»:

Լեւոն Զուրաբյանը ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչն է ավելի հավանական՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականությո՞ւն, թե՞ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը, արձագանքեց, որ հավանական չի համարում Քոչարյանի վերադարձը:

«Եթե մյուս ընտրություններում հակառակորդը լիներ Քոչարյանը, ես Տեր-Պետրոսյանի հաղթանակը շատ ավելի հավանական կհամարեի: Եթե չլինի՝ մի քիչ ավելի բարդ է», - հավելեց նա:

Հարցին, թե ինչի է հասել Հայ ազգային կոնգրեսը, Զուրաբյանը արձագանքեց. - «Միանգամից ասեմ, որ ամենակարեւոր քայլին չենք հասել: Այն, ինչ մեզնից պահանջում է ամբողջ ժողովուրդը: Եվ ես ընդունում եմ այդ քննադատությունը: Դա այն է, որ մենք պետք է փրկեինք այս ժողովրդին այն բռնապետական ռեժիմից, որ գոյություն ունի: Մենք դրան դեռ չենք հասել, ինչ համար ներողություն ենք խնդրում: Բայց նաեւ խնդրում ենք լինել համբերատար, որովհետեւ այս քաղաքական խնդիրը ավելի շատ ջանքեր եւ ժամանակ է պահանջում»:

Ստեղծված իրավիճակի արմատական լուծում Զուրաբյանը համարում է նոր ընտրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG