Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կրկին կոչ է անում Հայաստանին եւ Թուրքիային վավերացնել արձանագրությունները


Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը լրագրողների հետ հանդիպմանը Թուրքիային եւ Հայաստանին կոչ է արել վավերացնել հարաբերությունների նորմալացման արձանագրությունները։

«Մենք վստահ ենք, որ սա հնարավորություն է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող պատմական տարաձայնությունները հաղթահարելու համար», - «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, ասել է Գորդոնը։ - «Երկու երկրների միջեւ նորմալ հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը, եւ մենք կարծում ենք, որ այս գործընթացը պետք է առաջ շարժվի անկախ այլ հարցերից, քանի որ դա բխում է երկու երկրների շահերից», - հավելել է բարձրաստիճան ամերիկացի դիվանագետը։

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ֆիլիպ Գորդոնը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը դրական է գնահատում Հայաստանի Սահմանադրական դատարանի վճիռը, ըստ որի հայ-թուրքական արձանագրությունները չեն հակասում Հայաստանի Սահմանադրությանը, չնայած ՍԴ-ի այդ որոշման շուրջ Թուրքիայի հնչեցրած դժգոհություններին, եւ կողմերին կոչ էր արել «ժամանակին վավերացնել արձանագրությունները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG