Մատչելիության հղումներ

IFJ. «Անցած տարվա ընթացքում աշխարհում սպանվել է 139 լրագրող»


Լրագրողների միջազգային դաշնությունը (IFJ) հրապարակել է իր տարեկան զեկույցը, որի համաձայն՝ 2009 թվականի ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս աշխարհի տարբեր անկյուններում սպանվել է 139 լրագրող:

Ինչպես նշում է Լրագրողների միջազգային դաշնության ղեկավար Էյդան Ուայթը. - «Զեկույցը ավելին է, քան լրատվամիջոցների ներկայացուցիչների մահվան դեպքերի արձանագրում: Առավել կարեւոր է, որ զեկույցը ներկայացնում է այն վտանգները, որոնք շարունակում են սպառնալ մեր գործընկերների կյանքին աշխարհի 4 անկյուններում»:

Լրագրողների միջազգային դաշնությունը 2009 թվականը համարում է վատթարագույն տարին լրագրողների համար։

Լրագրողների միջազգային դաշնությունը 2009 թվականը համարում է վատթարագույն տարին լրագրողների համար։ ...
«Անցնող տարին փաստորեն ամփոփեց բռնությունների տասնամյակը՝ հետեւում թողնելով լրագրողների սպանության դեպքերի ռեկորդային ցուցանիշներ։ Դեկտեմբերի 30-ին կանադացի լրագրող Միշել Լանգի մահը Աֆղանստանում եւ ֆոտոլրագրող Ջեփոն Քադագդագոնի՝ Ֆիլիպիններում սպանված լինելու տեղեկատվության հաստատումը 2009 թվականին սպանված լրագրողների թիվը հասցրեցին 139-ի: Դրանցից 113-ը մտադրված սպանություններ են, իսկ սպանության հետեւում կանգնածները մեկ նպատակ են հետապնդել՝ թաքցնել իրենց կեղտոտ գաղտնիքները հասարակության ուշադրությունից», - ասվում է IFJ-ի զեկույցում։

Կազմակերպության զեկույցի «սեւ» ցուցակում առաջատար է Ասիայի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը. այստեղ գրանցվել է 52 մահվան դեպք։ Այս տարածաշրջանին հաջորդում է Ամերիկան՝ 30 դեպքով, որից13-ը՝ Մեքսիկայում:

«Լրագրողների սպանության դեպքերը կնվազեն, եթե վերջ դրվի հանցագործների նկատմամբ անպատժելիությանը»,- վստահեցնում է կազմակերպության ղեկավարը:

Զեկույցում առանձնացված են տարբեր պատահարների արդյունքում սպանված 25 լրագրողներ, որոնց շարքում ընդգրկված են 4 լրագրողներ Վրաստանից, մեկը՝ Թուրքիայից, 4-ը՝ Ռուսաստանից:

Լրագրողների միջազգային դաշնությունը լրագրողական համայնքը ներկայացնող աշխարհի ամենամեծ կազմակերպությունն է. դաշնությանն անդամակցում է 600 հազար լրագրող աշխարհի 125 երկրներից: Կազմակերպությունը հիմնադրվել է 1926 թվականին։ Դաշնությանը կենտրոնական գրասենյակը Բրյուսելում է։
XS
SM
MD
LG