Մատչելիության հղումներ

logo-print

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգամավոր («Ժառանգութուն») Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության կազմի հետ կատարվածի մասին, ասաց. - «Թե' Եվրոպայում, թե' մեր երկրում վախկոտությունը եւ ունայնությունը տակավին չափանիշներ են»:

«Եվ հենց այդ մտայնությունը, հենց այդ փոքրիկ տեսադաշտն է, այդ դավային մեթոդաբանությունն է, որ ծնում է այն իրավիճակը, որ Եվրոպայում եւ Հայաստանում՝ որպես Եվրոպայի մաս, լինում են քաղաքական բանտարկյալներ», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց նա՝ շարունակելով. - «Որ Եվրոպայի կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ են ընտրվում այն մարդիկ, ովքեր պաշտոնապես ժխտում են Ցեղասպանությունը մարդկության դեմ ոճիրները»:

«Ես կարծում եմ՝ սրանք փոխկապակցված խնդիրներ են, եւ պայքարը, իհարկե, շարունակվելու է», - հայտարարեց Հովհաննիսյանը՝ մանրամասնելով. - «Եվ սա միայն «Ժառանգություն» խմբակցության խնդիրը, հարվածը, պայքարը չէ: Սա Հայաստանի ու յուրաքանչյուր հայ քաղաքացու արժանապատվության խնդիր է՝ որ ինքը ներկայացված լինի, որ իրենից ձայն, ներկայացվածություն եւ քվեի իրավունք չվերցվի»:

«Սա մարտակոչ է Հայաստանի հասարակությանը, Հայաստանի քաղաքացուն եւ ընդդիմադիր ուժերին», - շարունակեց Րաֆֆի Հովհաննիսյանը: - «Բավ է, որ ամեն մեկը կարծի, որ ինքն է միակ ներկայացուցիչը... Ո'չ «Ժառանգություն»-ը, ո'չ ՀԱԿ-ը, ո'չ Դաշնակցությունը, որեւէ այլ ընդդիմադիր ուժ միակը չէ: Եվ միակը չի կարող լինել: Հիմա խնդիրը այն է, որ թե' բովանդակային, թե' ձեւաչափային առումով, կարծում եմ, հասարակությունը պետք է վերակազմակերպվի եւ հանդիմանի իր ներկայացուցիչներին՝ կուսակցութուններին, պատգամավորներին, որ չտառապի այլեւս բացառիկության այս ախտով, այս հիվանդությամբ»:

Դիտարկմանը, որ «Ժառանգություն»-ը, ի թիվս հայաստանյան այլ քաղաքական ու հասարական ուժերի, միացել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը՝ հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարում, սակայն ԵԽԽՎ-ում երկու կուսակցությունների ներկայացուցիչները փոխադարձ մեղադրանքներով են հանդես եկել, եւ հարցին, թե արդյո՞ք դրանից հետո կշարունակվի «Ժառանգություն» - ՀՅԴ համագործակցությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց. - «Եթե Դաշնակցությունը եւ «Ժառագություն»-ը քաղաքական հասուն ուժեր են... իրենք այս հարցին լուծում պետք է գտած լինեին: Բայց, ցավոք սրտի, Հայաստանի խորհրդարանը՝ իր ղեկավարությամբ, նաեւ պատվիրակության անդամներով գնացին մեղսակցային գործարքի եւ հաղորդակցության ուղիները բաց չպահվեցին»:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին՝ Հովհաննիսյանը ասաց. - «Ես չգիտեմ, թե Դաշնակցության տեսակետը ինչպիսի հոլովույթ կունենա, ինչպիսի էվոլյուցիա, «ժառանգություն»-ը դեմ է՝ ոչ թե «կողմ» վերապահումներով, այլ դեմ է, եւ մենք կմնանք դեմ»:
XS
SM
MD
LG