Մատչելիության հղումներ

Զոհերի հարազատները պահանջում են «չփակել մարտի 1-ի էջը»


Ընդդիմության ցույցը Երեւանում: 19-ը հունվարի, 2010 թ.
Ընդդիմության ցույցը Երեւանում: 19-ը հունվարի, 2010 թ.

Մարտի 1-ի զոհերի հարազատները երկուշաբթի՝ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին օրը, մոտ մեկ ժամ կանգնեցին խորհրդարանի շենքի մոտ՝ ակնկալիքով, որ օրենսդիրները կլսեն իրենց: Պատգամավորներից որեւէ մեկը, սակայն, չմոտեցավ նրանց: ԼՐԱՑՎԱԾ

Սպանվածների ծնողները պատասխան են պահանջում՝ ո՞վ եւ ինչո՞ւ սպանեց իրենց երեխաներին:

«Ինչի՞ համար սպանեցին իմ որդուն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց սպանված զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը՝ տալով հարցի իր պատասխանը. - «Որպեսզի արտակարգ դրություն մտցնեն: Իմ տղան չէ՞ որ զինվոր էր... Սահմանում եթե զոհված լիներ իմ տղան, ես կհպարտանայի... Ոչ մեկը ոչ մի բան ինձ այդպես էլ չասաց՝ ինչի՞ համար սպանվեց իմ որդին»:

Նա ասաց, որ պահանջում է, որ իշխանությունները չփակեն «մարտի 1-ի էջը»:

«Եթե հանցագործները չեն պատժվել, ինչպե՞ս են գործը փակում», - արցունքն աչքերին հարցնում էր զոհված 18-ամյա զինծառայողի մայրը:

Մարտի 1-ին սպանված Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե «իշխանություններ կոծկում են գործը», քանի որ իրենք «անզոր են»:

Մեկ այլ զոհի՝ Տիգրան Խաչատրյանի մոր կարծիքով, իրենց հարցերի պատասխաններն իրենք կարող են ստանալ միայն իշխանափոխությունից հետո. - «Մենք սպասում ենք միայն իշխանափոխության, որովհետեւ հասկացանք, որ այս իշխանությունների հետ ոչ մի հույս չենք կարող կապել»:

Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը իր խոսքն ուղղեց Եվրախորհրդում հայաստանյան պատվիրակության անդամներին, ովքեր, ըստ նրա՝ ամեն ինչ անում են Եվրախորհրդում իրենց երեխաների սպանության գործը կոծելու համար:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության արդեն ոչ մշտական անդամ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցելով, որ առաջիկայում Հայաստան կժամանեն համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն, հավելեց. - «Հնարավոր է, որ [ԵԽԽՎ-ի] գարնանային նստաշրջանը արդեն քննարկման առարկա դարձնի Հայաստանում գործող դեմոկրատական ինստիտուտների հարցը, «Մարտի 1»-ի հարցը եւ այլ հարցեր, որոնք կապված են մարդու իրավունքների հետ»:

Այսօր ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները լրագրողների հետ հանդիպմանը ամփոփել են անցած շաբաթ գումարված նստաշրջանի արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG