Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանի եւ ընտանիքի անդամների վկայությամբ` Մուրադ Բոջոլյանը համագործակցել է Հրանտ Դինքի հետ


Մուրադ Բոջոլյան

Մուրադ Բոջոլյան

Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով 2002 թվականի հունվարին 10 տարվա ազատազրկման դատապարտված Մուրադ Բոջոլյանը իր ունեցած տեղեկությունները, ըստ Հայաստանի իրավապահ մարմինների, ժամանակին փոխանցել է այդ թվում Հրանտ Դինքին, եւ անհասկանալի է, թե ինչու այսօր Հայաստանում Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետը գրեթե ազգային հերոսի կարգավիճակ ունի, իսկ նրա հետ համագործակցած Բոջոլյանը արդեն 8 տարի է ինչ դավաճանի պիտակով անազատության մեջ է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:

«Զարմանալի է, որ մի մարդ, որը ազգային հերոս է, մյուս մարդը` իր հետ կապ ունեցողը նստած է բանտում իրեն բան փոխանցելու համար», - ասաց Դանիելյանը` հավելելով. - «Ինձ թվում է, Մուրադ Բոջոլյանն էլ պիտի ազգային հերոս լիներ, որ այն ժամանակ, երբ Հրանտ Դինքը պայքարում էր հայկական իդեաների համար Թուրքիայում, Բոջոլյանը իրեն օգնում էր` ստացվում է այսպես»:

Ըստ իրավապաշտպանի, Հայաստանի անվտանգության մարմինների մեղադրականում գրված չէր, թե Հրանտ Դինքը թուրքական հատուկ ծառայությունների գործակալ էր, բայց «Ակոս»-ի խմբագրապետը «ինֆորմացիայի ստացողներից մեկն էր». - «Որովհետեւ Մուրադ Բոջոլյանը ինֆորմացիան տալիս էր ոչ միայն Հրանտ Դինքին` իրենց ասելով, այլ նաեւ ուրիշներին»:

«Իրենց ասելով` ենթադրվում է, որ Հրանտ Դինքը, ի վերջո, այդ ինֆորմացիան հանձնում էր թուրքական հատուկ ծառայությունների՞ն», - այս հարցին Միքայել Դանիելյանը պատասխանեց. - «Այո, եւ եթե գործով նայենք, ապա այսպես է ստացվում. ենթադրվում է, չկա ինֆորմացիա, որ Հրանտ Դինքը ում էր տալիս ինֆորմացիան, այդ դրվագը չէր բացատրվում»:

Իրավապաշտպանը ընդգծեց, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո Մուրադ Բոջոլյանի գործի` այդ հատվածով վերանայումներ չեն եղել. - «Մինչեւ հիմա մնացել է այսպես փակված, եւ ոչ ոք չի անդրադառնում այդ հարցին»:

Հրանտ Դինք - Մուրադ Բոջոլյան կապի մասին «Ազատություն» ռադիոկայանին պատմեց նաեւ վերջինիս տիկինը` Լյուդա Բոջոլյանը: Նրա վկայությամբ, Դինքը անձամբ էր իրենց տրամադրում Մուրադ Բոջոլյանի` թուրքական մամուլում լույս տեսած նյութերը, որպեսզի իրենք կարողանան հայց նախապատրաստել ու դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Լյուդա Բոջոլյանը նաեւ պատմեց, որ ամեն անգամ, երբ Դինքը գալիս էր Երեւան, անպայման հանդիպում էր իրենց ընտանիքի հետ:

Մուրադ Բոջոլյանի կինը ասաց նաեւ, որ գրեթե ամեն քայլափոխի անհիմն կերպով ճնշման են ենթարկվում իր ընտանիքի անդամները` միայն նրա համար, որ կրում են Բոջոլյան ազգանունը. - «37 թվի մասին այնքան են ասում, բայց 37 թիվն է ստացվում, եւ մեր պարագայում նույնն է: Այսինքն` ստալինյան ռեպրեսիաները, երբ եթե մեկին նստեցնում էին ինչ-որ բանի համար, ամբողջ ընտանիքը վերացնում էին: Հիմա նույն բանը անում են մեզ, մեր ընտանիքի հետ` ամեն ինչ անում են, որ մեր ընտանիքը չկարողանա նորմալ ապրի այս երկրում: Մեր զավակները չեն կարողանում աշխատել: Փորձել են քանի անգամ. մի քանի ամիս աշխատելուց հետո երբ իմանում էին` ում զավակներն են, իրենց ասում էին, որ «մենք քո կարիքը չունենք»:

Լյուդա Բոջոլյանը վստահ է, որ այդ ամենը արվում է իշխանությունների ճնշմամբ. - «Իրենց վարձած մարդիկ, բայց իրենք վարձում են այնպիսի մարդկանց, ով կարողանում է այդ ամեն ինչը անել»:

Մուրադ Բոջոլյանի շահերի պաշտպան Արայիկ Ղազարյանը տեղեկացրեց, որ չնայած անցած նոյեմբերին Եվրադատարանը մերժել է իրենց մի հայցը, ըստ որի` Բոջոլյանի դատաքննության ընթացքում խախտվել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (իրավունքներին անհամաչափ միջամտություն), բայց իրենք նույն 2009 թվականին Եվրադատարան են ներկայացրել մեկ այլ հայց:

«Երբ Բոջոլյանն անազատության մեջ էր անցկացրել իր ժամկետի երկու երրորդից ավելին, «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը մոտ մեկ տարի չէր քննում նրա հարցը, որպեսզի միջնորդի Անկախ հանձնաժողովին Բոջոլյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասին, ինչը նախատեսված է օրենքով: Սա օրենքի խախտում է: Այս հարցով մենք դիմել ենք Եվրադատարան, եւ չենք բացառում, որ գործը կարող է քննվել արդեն այս տարի», - ասաց Արայիկ Ղազարյանը:
XS
SM
MD
LG