Մատչելիության հղումներ

Լուժկովը «տպավորիչ» է որակում Երեւանում նոր թաղամասի կառուցապատման առաջարկը


Յուրի Լուժկովը (կենտրոնում) եւ Գագիկ Բեգլարյանը քննարկում են Նորագյուղի կառուցապատման ծրագիրը: 29-ը հունվարի 2010 թ.:

Յուրի Լուժկովը (կենտրոնում) եւ Գագիկ Բեգլարյանը քննարկում են Նորագյուղի կառուցապատման ծրագիրը: 29-ը հունվարի 2010 թ.:

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, ով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով ժամանել է Երեւան, ուրբաթ օրը, «տպավորիչ» որակելով Երեւանի Նորագյուղ թաղամասում կառուցապատման ծրագիրը, չբացառեց մոսկովյան գործարարների մասնակցությունը այդ ծրագրի իրագործմանը:

Լուժկովի գլխավորած պատվիրակությունը, Երեւանի քաղաքապետարանում հյուրընկալվելուց հետո, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ուղեկցությամբ շարժվեց դեպի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքը, որտեղ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը Լուժկովին ներկայացրեց Նորագյուղ թաղամասի տարածքում «Երեւանի բերդ» պայմանական անունը կրող համալիրի կառուցման նախագիծը։

Երեւանի Նորագյուղ թաղամասը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ ներդրումային ծրագրեր է պատրաստվում իրականացնել ռուսաստանյան կողմը Երեւանում եւ գոհացնում է արդյո՞ք Մոսկվային Երեւանի հետ համագործակցությունը, Մոսկվայի քաղաքապետը պատասխանեց. - «Ներկայացված առաջարկները շատ տպավորիչ են: Ըստ էության, իրականացվելու դեպքում այս վայրում կարող է ձեւավորվել բնակելի, գործարար եւ մշակութային հրաշալի թաղամաս։ Ներդրումային տեսանկյունից այստեղ շատ հետաքրքիր ծրագիր է։ Եվ մենք արդեն պայմանավորվել են, որ մարտի կեսերին Երեւան կժամանի շինարարության գծով իմ առաջին տեղակալը` ներդրողների եւ այն գործարար մարդկանց խմբով, ովքեր կորոշեն, թե որքանով է հետաքրքիր առաջարկը եւ որքանով է նպատակահարմար մոսկվացի շինարարների մասնակցությունը այդ նախագծում։ Ես կարծում եմ, որ նրանք կգտնեն շինարարության հետաքրքիր լուծումներ եւ հետաքրքիր առաջարկներ»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ գումարների մասին է խոսքը եւ որքան ներդրում է պատրաստվում անել ռուսաստանյան կողմը, Յուրի Լուժկովը պատասխանեց, թե խոսքը «ահռելի գումարների մասին է». - «Այս բլրակի ազատման եւ բնակվողների վերաբնակեցման համար կպահանջվի ավելի քան 100 միլիոն դոլար, իսկ այնտեղ կառուցվող յուրաքանչյուր շինությունը, եթե այն խոշոր շինություն է, կարժենա 40-60 միլիոն դոլար։ Արդյունքում այս վայրում նախատեսվում է կառուցել ամենաքիչը 50 այդպիսի օբյեկտ»:

Հարցին, թե ինչպիսին է Նորագյուղի բնակիչների մոտեցումը իրենց վերաբնակեցման հարցին, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից պատասխանեց. - «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի բնակիչները տեղափոխվեն ուրախությամբ»:

«Տարածքը 184 հեկտար տարածություն է, եւ մենք այստեղ նախատեսում ենք ստեղծել Երեւանի նոր միջազգային կենտրոնը», - իր հերթին ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: - «Մեր նախնական հաշվարկներով, ընդհանուր շինարարության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կտատանվեր 6-7 միլիարդ դոլարի շրջանակներում»:

Երեւանի գլխավոր ճարտարապետի խոսքով, այս տարվա ընթացքում պատրաստվում են սկսել նորագյուղցիներին վերաբնակեցնելու համար նախատեսված բնակելի թաղամասի շինարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG