Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Թուրքիան կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումը»


Ահմեդ Դավութօղլու

Ահմեդ Դավութօղլու

«Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չպետք է տուժի», - ուրբաթ օրը Լոնդոնում հրավիրված ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ, նա ընդգծել է, թե կարգավորման գործընթացի շարունակականությունը կարեւոր է Թուրքիայի համար:

«Այդ պատճառով մենք կանենք այն ամենը, ինչ կարող ենք: Մենք ուշադրություն չեն դարձնի հնչող քննադատությանը, քանի որ մենք հավատում ենք, որ ճիշտ ենք վարվում», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Հիշատակելով հինգշաբթի օրը հայաստանցի գործընկերոջ հետ ունեցած իր հանդիպումը՝ Թուրքիայի արտգործնախարարը լրագրողներին ասել է, որ իրենք տեսակետներ են փոխանակել: «Նալբանդյանն ու ես կիսել ենք մեր մտահոգությունները», - նշել է նա:

Հինգշաբթի օրը հայաստանցի գործընկերոջ հետ ունեցած իր հանդիպման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարը լրագրողներին ասել է, որ իրենք «տեսակետներ են փոխանակել»:

Պատասխանելով Հայաստանի Սահմանադրական դատարանի` հայ - թուրքական արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշմանը վերաբերող հարցին, Դավութօղլուն ընդգծել է, թե Թուրքիան հույս ունի, որ կարգավորման գործընթացը չի ընթանա այն մեկնաբանությունների հունով, որոնք «դեմ են ստորագրված արձանագրությունների ոգուն եւ էությանը»:

«Մենք հարգում ենք յուրաքանչյուր երկրի [ներքին] համակարգը: Արձանագրությունները Սահմանադրական դատարան ուղարկելը ներքին ընթացակարգ է Հայաստանում: Մենք հետեւողական ենք այն հարցում, որ ստորագրված արձանագրությունները փոփոխության չենթարկվեն», - ընդգծել է Դավութօղլուն:

«Հայ - թուրքական հարաբերությունները շատ դժվար փուլերով են անցել, եւ մենք այսօր հասել ենք ինչ-որ մի կետի: Բարդ փուլերի միջով անցած կարգավորման գործընթացի ներկայիս փուլը չպետք է տուժի: Սակայն, որպեսզի կարգավորման գործընթացը ամրապնդվի, փոխադարձ բարի կամքի դրսեւորում եւ քաղաքական կամք է անհրաժեշտ ցուցաբերել: Մենք հինգշաբթի շատ բաց հանդիպում ունեցանք պարոն Նալբանդյանի հետ: Հայկական կողմը իրազեկ է մեր մտահոգություններին», - հավելել է Թուրքիայի արտգործնախարարը:

Անդրադառնալով Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ չորեքշաբթի օրը ունեցած հանդիպմանը՝ Ահմեդ Դավութօղլուն ասել է, թե ինքը պաշտոնական Վաշինգտոնին իր մտահոգություններն է փոխանցել է Հայաստանի Սահմանադրական դատարնի որոշման առնչությամբ՝ հավելելով. - «Ես կարծում եմ, Միացյալ Նահանգները հիմա ավելի լավ է ըմբռնում Թուրքիայի մտահոգությունները»:

Թուրքական «Հյուրիեթ»-ը հաղորդում է նաեւ, թե 15 րոպե տեւած հանդիպման ընթացքում Դավութօղլուն եւ Նալբանդյանը համաձայնության են եկել հանդիպել հաջորդ շաբաթ Մյունխենում կայանալիք անվտանգության հարցերով համաժողովի շրջանակներում:

Մինչդեռ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, «արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այց Մյունխեն եւ հանդիպում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ նախատեսված չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG