Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Թուրքիան կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումը»


Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չպետք է տուժի, - ուրբաթ օրը Լոնդոնում հրավիրված ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ, Դավութօղլուն ընդգծել է, թե կարգավորման գործընթացի շարունակականությունը կարեւոր է Թուրքիայի համար: «Այդ պատճառով մենք կանենք այն ամենը, ինչ կարող ենք: Մենք ուշադրություն չեն դարձնի հնչող քննադատություններին, քանի որ մենք հավատում ենք, որ ճիշտ ենք վարվում», - ասել է նա:

Հիշատակելով հինգշաբթի օրը հայաստանցի գործընկերոջ հետ ունեցած իր հանդիպումը՝ Թուրքիայի արտգործնախարարը լրագրողներին ասել է, որ իրենք տեսակետներ են փոխանակել: «Նալբանդյանն ու ես կիսել ենք մեր մտահոգությունները», - նշել է նա:

Պատասխանելով Հայաստանի Սահմանադրական դատարանի` հայ - թուրքական արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշմանը վերաբերող հարցին, Դավութօղլուն ընդգծել է, թե Թուրքիան հույս ունի, որ կարգավորման գործընթացը չի ընթանա այն մեկնաբանությունների հունով, որոնք «դեմ են ստորագրված արձանագրությունների ոգուն եւ էությանը»:

«Մենք հարգում ենք յուրաքանչյուր երկրի [ներքին] համակարգը: Արձանագրությունները Սահմանադրական դատարան ուղարկելը ներքին ընթացակարգ է Հայաստանում: Մենք հետեւողական ենք այն հարցում, որ ստորագրված արձանագրությունները փոփոխության չենթարկվեն», - ընդգծել է Դավութօղլուն:

«Հայ - թուրքական հարաբերությունները շատ դժվար փուլերով են անցել, եւ մենք այսօր հասել ենք ինչ-որ մի կետի: Բարդ փուլերի միջով անցած կարգավորման գործընթացի ներկայիս փուլը չպետք է տուժի: Սակայն, որպեսզի կարգավորման գործընթացը ամրապնդվի, փոխադարձ բարի կամքի դրսեւորում եւ քաղաքական կամք է անհրաժեշտ ցուցաբերել: Մենք հինգշաբթի շատ բաց հանդիպում ունեցանք պարոն Նալբանդյանի հետ: Հայկական կողմը իրազեկ է մեր մտահոգություններին», - հավելել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG