Մատչելիության հղումներ

Ադրբեջանական բանակում երկու զինծառայողներ չորս սպաների են սպանել եւ անձնասպան եղել


Զորահանդես Բաքվում
Զորահանդես Բաքվում

Հինգշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի զորամասերից մեկում տեղի է ունեցել հրազենի կիրառմամբ ծանր հետեւանքների հանգեցրած միջադեպ. երկու զինծառայողներ ինքնաձիգներից կրակ են բացել ծառայակիցների վրա եւ սպանել չորս սպաների, այդ թվում` դիվիզիայի հրամանատարին, ինչից հետո անձնասպան են եղել։ Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Տվյալ պահին հետաքննություն է իրականացվում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստացել է առաջիկա ժամերին լրացուցիչ տեղեկություններ հայտնել։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը նշում է, որ անցյալ տարի Սեյֆելիի հրաձգարանում տեղի էր ունեցել նմանօրինակ միջադեպ. 20-ամյա շարքային Օրհան Սաֆարովը կրակ էր բացել իր հինգ ծառայակիցների վրա եւ սպանել նրանցից չորսին: Սաֆարովը ցմահ ազատազրկման է դատապարտվել։

Ադրբեջանցի զինվորական հարցերով փորձագետ Ուզեիր Ջաֆարովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծել է, որ երբ Սաֆարովը անցյալ տարի չորս սպա էր սպանել, պաշտպանության նախարարությունը խոստացել էր մանրամասն տեղեկատվություն հրապարակել, սակայն նույնիսկ դատն էր դռնփակ։

«Կարծում եմ, այս դեպքում էլ նրանք անձնասպան զինվորներին են մեղադրելու։ Մենք պահանջում ենք փոխել բանակի ղեկավարությունը, մինչդեռ ղեկավարներին պարգեւատրում են, եւ նրանք այնքան ինքնավստահ են` չնայած նրան, որ այսօրինակ միջադեպերը սովորական երեւույթ են դարձել։ Ադրբեջանական բանակում անպատժելիության մթնոլորտ է», - ասել է փորձագետ Ջաֆարովը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օրերս բարձրագույն պետական պարգեւ էր շնորհել պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին:

Վերլուծաբանները նշում են, որ հետխորհրդային երկրների զինված ուժերում հաճախ են տեղի ունենում նման միջադեպեր։ Դրանք բացատրվում են կարգապահության բացակայությամբ, սպայական կազմի կողմից դաստիարակչական աշխատանքը ձախողելու եւ օրենքները խախտելու հանգամանքով, ինչպես նաեւ մեծ թվով զորամասերում տիրող «ոչ կանոնակարգային» հարաբերություններով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG