Մատչելիության հղումներ

Apple ընկերության նախագահ Սթիվ Ջոբսին անվանում են նոր արտադրանքի շնորհանդեսի անզուգական վարպետ։ Ամեն անգամ, երբ Apple-ը սարքավորում է թողարկում, դահլիճ են հրավիրում մեծահարուստների, շոու-բիզնեսի աստղերի, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատարների եւ լրագրողների մի մեծ խումբ։ Ըստ ականատեսների, այդ մարդիկ համակված են անհամբերությամբ. չէ՞ որ սարքավորման մասին ինֆորմացիան Apple-ը պետական գաղտնիքի նման է պահում։ Հունվարի 27-ին Apple-ի հերթական «պրեմիերան» էր։

«Մի հետաքրքիր բան ունենք ձեզ ցույց տալու։ Մոտս կա մի օրինակ, ահա այն` դա անվանել ենք iPad», - ներկաներին դիմել է Սթիվ Ջոբսը։

2001 թվականից ի վեր Apple-ը վաճառել է iPod տեսակի ավելի քան 250 միլիոն սարք։

Ինչպես մեկնաբաններն են նշում, հոռետեսները տարիներ շարունակ ասել են` էլ ի՞նչ է հնարավոր ստեղծել, եթե կան փոքրիկ համակարգիչներ, նոութբուք, նեթբուք, եթե կա փոքրիկ «հնարամիտ» հեռախոս` սմարթֆոն։

Ահա եւ Սթիվ Ջոբսի պատասխանը` iPad` սարք, որն ունի ե'ւ սմարթֆոնի, ե'ւ նեթբուքի ֆունկցիաներ։

Բարակ, թեթեւ, փոքրիկ գրքի չափով, հզոր մարտկոցով սարքն ունի 16-ից 64 գիգաբայթ հիշողություն։

Նորամուծություններից մեկը, ըստ մասնագետների, հիրավի ֆանտաստիկ է` iPad-ը կարող է միանալ գրադարաններին եւ գրքեր ներբեռնել, նույնը եւ մամուլին է վերաբերում։ Այդ սարքով կարելի է զանգահարել, նայել ֆիլմեր, բացել քարտեզներ, կողմնացույցով ու նավիգացիայով գտնել աշխարհի ցանկացած կետ, լսել երաժշտություն, խաղալ խաղեր, գրել-կարդալ։

Գինը, կախված հիշողության ծավալից, 500-ից 830 դոլար է։ Միակ բանը, որ առայժմ չկա, տեսախցիկն է, ինչը եւ մատնանշում են քննադատները։

Ո՞րն է հաջորդ քայլը. տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներն ասում են, թե գնդակը Microsoft-ի դաշտում է, այդ գերհզոր ընկերությունն է պարտավոր մի նոր հրաշք ներկայացնել։

Apple-ի եւ Microsoft-ի հիմնադիր-առաջնորդները` Սթիվ Ջոբսը եւ Բիլ Գեյթսը միմյանց մասին ընդգծված հարգանքով եւ բարեկամական տոնով են խոսում։ Մասնագետների համոզմամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շարժիչ ուժը այդ երկու ընկերությունների մշտական մրցակցությունն է։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG