Մատչելիության հղումներ

logo-print

Հունվարի 29-ի մամուլ


«Հրապարակ»-ը գրում է. - «Այսօր Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով Հայաստան է ժամանում Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Նա համագործակցության փաստաթուղթ կստորագրի Երեւանի քաղաքապետի հետ, ներկա կգտնվի նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի ցուցահանդեսի բացմանը, ընդունելության կարժանանա նախագահականում: Բայց ամենակարեւորը` կուսումնասիրի «Երեւան սիթի» նոր հիմնադրվող թաղամասի տեղանքը, որտեղ նա պատրաստվում է ներդրում կատարել: Ռուսական կապիտալը հիմնովին արմատավորվում է իր գաղութում»:

«Առավոտ»-ի խմբագիրը նկատում է. - «Հայաստանում հակափաստարկ բերելու մշակույթը գրեթե իսպառ բացակայում է, եւ ցանկացած մեղադրանքի դեպքում առաջին միտքը, որ սովորաբար ծագում է մեղադրվողի գլխում, հետեւյալն է՝ «էդ ո՞վ ա գլխիս գործ սարքում», իսկ երկրորդը՝ «ինչպե՞ս անեմ, որ իմ մեղքերիկ մասին ոչ ոք չխոսի»: Ղեկավարվելով այս միաբջիջ, գավառամիտ տրամաբանությամբ՝ այն մարդիկ, որոնցից մեր լրագրողները «պատասխան» խոսք են ակնկալում, սովորաբար մտածում են ոչ թե այն մասին, թե ինչ են պատասխանելու, այլ՝ ինչպես անեն, որ այդ հրապարակումն ընդհանրապես կանխեն, եւ դրա համար տենդագին սկսկում են ծանոթներ փնտրել»: Խմբագիրն այնուհետեւ ամփոփում է. - «Նույնը Եվրոպայի խորհրդում մեր խնդիրների քննարկման դեպքում: Եթե ես ցուցարարների վրա չեմ հարձակվել, մարդ չեմ սպանել, լրատվամիջոցները 20 օր գրաքննության չեմ ենթարկել, ընդդիմության ակտիվիստներին եւ ղեկավարներին բանտերը չեմ գցել, ապա ինչի՞ համար ես պիտի զանազան խորամանկությունների դիմեմ՝ այդ խնդրի քննարկումը «ցրելու» կամ այդ քննարկմանը ընդդիմության ներկայացուցչին չթողնելու համար: Անմեղ իշխանության վարքագիծը բոլորովին այլ կլիներ՝ նա վաղուց կքններ 10 սպանությունների գործը եւ ինքը քննարկում կկազմակերպեր, որի ժամանակ կասեր՝ «Ահա, սիրելի եվրոպացիներ, դատավճիռները, համաձայն որոնք՝ այսինչ մարդիկ դատապարտվել են այնինչ մարդկանց սպանելու համար, եւ մենք գտնում ենք, որ այլեւս համաեվրոպական մակարդակով քննարկելու թեմա չկա: Բայց քանի որ նման դատավճիռներ չկան, մեր իշխանությունը ինչ-որ «խաբսեր» է տալիս եւ փորձում է «խոսքը կտուրը գցել»: Եվրոպացիներն էլ վաղուց այդ բոլորը անգիր են արել»:

«Հրապարակ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Տարվա մեջ հատկապես մի քանի օր կա, որ սպեկուլյացիայի դոզան այնքան է շատանում մթնոլորտում, որ անհնար է դառնում շնչելը: Երեկ այդ օրերից մեկն էր՝ Բանակի օրը: Այս օրն ավանդաբար պատերազմից ու հայրենիքից, սահմաններից ու Ղարաբաղից, ազգից ու պետությունից խոսելու մրցավազք է սկսվում: Ով՝ ավելի շատ, ով՝ ավելի պաթետիկ, ով՝ ավելի ճոռոմ: Այս օրերին ջրի երես են ելնում տարբեր ֆիդայիներ ու ազգայնականներ, կորած-մոռացված «հերոսներ», ազգի հոգսից «կքած» հայրենասերներ, որոնք անպայման Եռաբլուր են այցելում, մի քանի ծաղիկ դնում վաղամեռիկ տղաների գերեզմաններին, տխուր դեմքով ճամարտակում զոհերի մասին, իսկ օրն ավարտում «Օջախ»-ում՝ գինարբուքի մեջ»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը նորովի է գնահատում տարածաշրջանային վերջին իրողությունները՝ բխեցնելով. - «Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի ու մանավանդ Հայաստան - Իրան երկաթուղու կառուցումը մեր երկրին խոստանում է այնպիսի նոր տրանսպորտային հնարավորություններ, որոնց գոյության պարագայում հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման խնդիրը կմղվի հետին պլան։ Սա չի նշանակում անշուշտ, որ Հայաստանը հրաժարվում է օգտվել նման հնարավորությունից, բայց սրանով մեր երկիրը Թուրքիային կզրկի ապաշրջափակման վերացման դիմաց նախապայմաններ առաջադրելու հնարավորությունից։ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում հարկավոր է դիտել ոչ թե տնտեսական նպատակահարմարության, այլ քաղաքական անհրաժեշտության դիտանկյունից։ Դրա համար հայկական կողմին անհրաժեշտ է ֆինանսական միջոցների հայթայթման առաջադրանքը դարձնել համապետական ու համազգային կարեւորության հիմնախնդիր»:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթին հարցազրույց է տվել «Երկրապահ» կամավորականների միության նախագահ, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը: Դիտարկմանը, թե վերջերս ակտիվ պրոպանգանդա է գնում, թե պետք է լավ հարաբերություններ հաստատենք Թուրքիայի հետ, սահմանը բացենք, որպեսզի մեր երկիրը ավելի լավ ապրի, Գրիգորյանը արձագանքում է. - «Քյառն ու քոռը մենակ չեն ուզենա լավ հարեւաններ ունենան: Կյանք ա: Բայց՝ նայած ինչ պայմանով: Սահման կուզեն՝ թող բացեն: Բայց ոչ թե Ցեղասպանություն ուրանան: Հազար հատ խնդիրներ կան: Մենք էլ ենք կողմ սաղի հետ լավ հարաբերությունների, բայց ոչ թե իրենց պահանջներով կամ իրենց դրդառիթներով: Որպես մարդկային էլիտա՝ կարելի ա, բայց դե մնացած բաներով՝ ոչ մի հատ»:

«Կապիտալ» թերթը գրում է. - «Հայաստանի կառավարությունը որոշել է խստացնել պայքարը տեսաձայնային մագնիսական կրիչներով (CD, DVD) պիրատության դեմ: Տարիներ շարունակ Հայաստանում պիրատության դեմ լուրջ պայքար չի մղվել, ինչի արդյունքում արտոնագրված սկավառակներ գնելը դարձել է անիմաստ, շատ դեպքերում՝ անհնար: Փոխարենը ցանկացած գետնանցումում կամ տոնավաճառում կարելի է 500-1500 դրամով գնել ցանկացած ֆիլմ(եր): Բայց նույնիսկ այս ցածր գների պարագայում արտադրողներն ու վաճառողները ստանում են գերշահույթներ:
Տարբեր միջազգային կառույցների եւ ընկերությունների (Microsoft) ուսումնասիրություններով՝ Հայաստանում պիրատությունը կազմում է 92%: Ծրագրահենության մակարդակով Հայաստանը զիջում է միայն Վրաստանին, Զիմբաբվեին եւ Շրի Լանկային»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG