Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը Լոնդոնում հանդիպում է ունեցել Հիլարի Քլինթոնի հետ


Հիլարի Քլինթոնի եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Լոնդոնում, 28-ը հունվարի, 2010, լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության
Հիլարի Քլինթոնի եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Լոնդոնում, 28-ը հունվարի, 2010, լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով այս օրերին Լոնդոնում մասնակցում է Աֆղաստանին նվիրված միջազգային համաժողովին, հինգշաբթի օրը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության` ավելի ուշ տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական գործընկերության, բարձր մակարդակի պարբերական շփումների առնչությամբ եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու գործուն քայլերը փոխշահավետ համագործակցությունն առավել ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ:

Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են հայ - թուրքական հարաբերությունների հաստատման ջանքերին: Հիլարի Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին` ստորագրված արձանագրությունների շուտափույթ վավերացմանը եւ իրագործմանը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Սահմանադրությանը հայ - թուրքական արձանագրությունների համապատասխանելիության մասին եւս մեկ ապացույց է, որ Հայաստանը հետամուտ է իր ստանձնած պարտավորությունների կատարմանը: Նա հավելել է, որ Հայաստանը նույն մոտեցումն ակնկալում է Թուրքիայից:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը եւ իր ամերիկյան գործընկերոջը ներկայացրել հունվարի 25-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:

Լոնդոնի համաժողովի շրջանակներում, Հիլարի Քլինթոնը չորեքշաբթի օրը հանդիպում էր ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Դավութօղլուն Անկարայի մտահոգություններն էր փոխանցել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի կայացրած որոշման առնչությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG