Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Որեւէ սադրանքի հեղինակ հաստատապես պետք է լուրջ հակահարվածներ սպասի Հայկական բանակից»


Նորանկախ Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 18-րդ տարեդարձի օրը նախագահ Սերժ Սարգսյանը իր տոնական ուղերձում նշել է, թե «որեւէ սադրանքի հեղինակ հաստատապես պետք է լուրջ հակահարվածներ, նաեւ մեծ անակնկալներ սպասի Հայկական բանակից. չհասկանալ սա` առնվազն միամտություն է»։

«Այսօր Հայոց բանակը այն երկաթե երաշխիքն է, որ ապահովում է մեր գոյությունն ու ընթացքը եւ սառը ցնցուղ է ցանկացած տաքգլուխ արկածախնդրության դեմ», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում։

Առավոտյան Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարները՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցեցին իրենց կյանքը հայրենիքի ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին։

«Սա համազգային տոն է, եւ յուրաքանչյուրս հպարտությամբ ենք գալիս Եռաբլուր, որովհետեւ մենք ունենք հաղթանակած բանակ», - լրագրողներին Եռաբլուրում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: - «Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ունենանք ուժեղ բանակ, որը հուսալի երաշխավորն է մեր պետության անվտանգության, գոյատեւման, հայ ժողովրդի անվտանգության եւ գոյատեւման»:

Իշխանության ներկայացուցիչներից մի քանի ժամ անց Եռաբլուր այցելեցին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչները: ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը, մրսածության պատճառով Եռաբլուր չէր այցելել:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բանակը, թերեւս, այն սակավաթիվ կառույցներից է, որը ընդդիմությունը չի քննադատում:

«Բանակը մեր հաղթանակների եւ ապագա անվտանգության երաշխավորն է եղել եւ կա», - ասաց նա: - «Մեր քննադատությունը ուղղված է ոչ թե բանակին, այլ այս իշխանություններին, որոնք ամեն ինչ արեցին բանակը փչացնելու, բանակը ներքին քաղաքական նպատակներով օգտագործելու [համար]... Բանակը պիտի լինի սրբություն, բանակը չպիտի ծառայեցվի, ոչ միայն բանակը՝ ընդհանրապես պետական ինստիտուտները չպիտի ծառայեցվեն ինչ-որ մարդկանց սեփական շահերին: Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ դա լինի»:

«Բանակին քննադատել իմ համար՝ ոնց որ հորս քննադատեմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: - «Ու ես երբեք չեմ արել: Դա չի նշանակում, որ բանակում տեղ գտած թերությունները չպետք է տեսնել ու վերացնել»:

Ըստ Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի, բանակը «Հայաստանի երրորդ հանրապետության ամենակայացած կառույցներից մեկն է՝ եթե ոչ ամենակայացածը»:

Հայկական բանակի կազմավորման 18-րդ տարեդարձի կապակցությամբ պաշտպանության նախարարության վարչական շենքում չորեքշաբթի օրը կայացել է հանդիսավոր նիստ, որի ընթացքում հանձնվել են պետական եւ գերատեսչական պարգեւներ:

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական բարձր պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը։

«Պատերազմի բերած արյան ու արցունք­ների մեջ, կրակների մեջ ծնվեց Հայկական բանա­կը, որ շարունակում է զարգանալ ու հզորա­նալ։ Այսօր Հայոց բանակը այն երկաթե երաշ­խիքն է, որ ապահովում է մեր գոյու­թյունն ու ընթացքը եւ սառը ցնցուղ է ցանկացած տաքգլուխ արկածախնդրության դեմ», - ասված է տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում։ - «Առանց մարտունակ զինված ուժերի այսօր մեր տարածաշրջանում չի կարող լինել հավասարակշռություն, ուրեմն եւ՝ խաղա­ղու­թյուն ու կայունություն։ Մեր բա­նակի դերն այսօր չի սահմանափակվում միայն երկրի սահմանների պաշտպա­նու­թյամբ։ Միջազգային խորացող ինտեգրացիան ենթադրում է նոր խնդիրներ տար­բեր ուղղություններով, որոնք լուծվում են հաջողությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG