Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ գրավյալ տարածքները չեն վերադարձվել Ադրբեջանին»


Իլհամ Ալիեւը Դավոսում, 27-ը հունվարի, 2010
Իլհամ Ալիեւը Դավոսում, 27-ը հունվարի, 2010
«Վստահ եմ, որ Անկարան չի վավերացնի [հայ - թուրքական] արձանագրությունները, քանի դեռ գրավյալ տարածքները չեն վերադարձվել Ադրբեջանին», - The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի աշխատանքներին մասնակցող Ադրբեջանի ղեկավարը ամերիկյան հեղինակավոր պարբերականի թղթակիցներին չորեքշաբթի օրը նաեւ ասել է. - «Տարածաշրջանում ընդհանուր ըմբռնում է առկա, որ առաջին քայլը Հայաստանը պետք է կատարի` սկսելով ազատագրել գրավյալ տարածքները»:

«Թուրքիայի ներկա մոտեցումը խնդրին ինձ լիովին գոհացնում է», - հայտարարել է Ալիեւը:

Համոզմունք հայտնելով, որ հայ - թուրքական հարաբերությունների բարելավումն ու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը փոխկապակցված հարցեր են, ադրբեջանական պետության ղեկավարը հավելել է. - «Եթե այս երկու խնդիրները միմյանցից անջատ դիտարկվեն, ապա չի բացառվում, որ Հայաստանը սառեցնի Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները Ադրբեջանի հետ»:

Ալիեւի համոզմամբ` հիմնական գործոնը, որը ստիպեց պաշտոնական Երեւանին մասնակցել բանակցություններին, Հայաստանի դեմ կիրառված տնտեսական ճնշումն էր:

Հայ - թուրքական հարաբերությունների շուրջ The Wall Street Journal-ին մեկնաբանություն է տվել նաեւ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, որի համոզմամբ` «այժմ մենք մի իրավիճակի ենք հանգում, երբ դրությունը գնալով ավելի է բարդանում»:

Սարգսյանը կտրականապես հերքում է Անկարայից հնչող այն պնդումները, թե Հայաստանի Սահմանադրական դատարանի հունվարի 12-ի վճռում նախապայմաններ են առաջ քաշված:

Հայաստանցի պաշտոնյան ամերիկյան պարբերականի լրագրողներին տեղեկացրել է, որ քանի դեռ կառավարությունը Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները ուղարկում է խորհրդարան` վավերացման համար, միաժամանակ նաեւ օրենսդրական փոփոխություններ են նախապատրաստվում, որոնք հնարավորություն կընձեռեն երկրի նախագահին հետ կանչել հայկական կողմի` արձանագրությունների տակ դրված ստորագրությունները:

Սարգսյանի խոսքով, սակայն, «եթե կողմերը կորցնեն [հարաբերությունների կարգավորման] այս հնարավորությունը, ապա ողջ տարածաշրջանը հետընթաց կապրի»:

«Իրադարձությունների նման զարգացման պարագայում տարածաշրջանը կհայտնվի նույնիսկ ոչ այն կետում, որից մեկնարկել են բանակցությունները: Այն շատ ավելի հետ կմղվի», - ընդգծել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG