Մատչելիության հղումներ

Հունվարի 28-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը, անդրադառնալով հայկական բանակի 18-րդ տարեդարձին, գրում է. - «Արձանագրենք այն, ինչ մեզ հաջողվել է ստեղծել` մարտունակ բանակ, եւ այն, ինչ չի հաջողվել` ժողովրդավարական պետություն, շուկայական տնտեսություն»:

Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հայոց Աշխարհ»-ին ասել է. - «Հավաստիացնում եմ, որ Արցախի հիմնախնդիրը կարգավորելու առումով հայկական կողմը երբեք արտաքին քաղաքական այսպիսի շահեկան դիրքերում չի եղել։ Վերջին երկու տարիներին տեղի ունեցած զարգացումները, Հելսինկիում եւ Աթենքում արված հայտարարությունները փաստացիորեն ապացուցում են, որ հակամարտությունը կարգավորելու միջազգայնորեն ընդունելի լուծումները համապատասխանում են հայկական կողմի իրականացրած քաղաքականության տրամաբանությանը։ Միաժամանակ դժվար է ենթադրել, թե ընթացիկ տարում կարող են լինել շրջադարձային զարգացումներ, ու հակամարտությունը վերջնական լուծում կստանա, քանի որ կողմերի միջեւ հակասությունները դեռ բավականին շատ են։ Մեզ համար կարեւոր է պահպանել ձեռք բերված դրական դինամիկան»։

«Ժամանակ»-ին տված հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը ասել է. - « Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի այս լիակատար ֆիասկոյից հետո Հայաստանի իշխանությունները, գիտակցելով, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ նույնպես օղակը սեղմվում է, որոշեցին խաղի մեջ ներքաշել Իրանին՝ «սեղանը շրջելու», այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հարցով տված խոստումներից եւ ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելու նպատակով: Միանգամից ասեմ, որ դրա հնարավորություններն ու կարողությունները Հայաստանի ներկայիս իշխանությունները չունեն: Ակնհայտ է, որ Իրանը եւ միջնորդ երկրները ունեն ընդգծված շահեր Լեռնային Ղարաբաղի հարցում, մասնավորապես, Իրանը հետաքրքրված է նախեւառաջ Ղարաբաղի շուրջ՝ Արաքսի ձախ ափի շրջաններով: Պետք է փաստել, որ Հայաստանի իշխանությունների կողմից դրանք հուսահատ քայլեր են, եւ ճեմ բացառում, որ այս ամենը իրականացվել է Կրեմլի իմացությամբ, եթե ոչ՝ դրդմամբ»:

«168 ժամ»-ի հարցերին պատասխանել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Լրագրողը հարցնում է. - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կամ հայ-թուրքական հաշտեցման գործընթացներում ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ Իրանը: Իսկապե՞ս երկրորդ նախագահի այցը կապ ունի այս հարցերի հետ»: Օսկանյանը պատասխանում է. - «Երկրորդ նախագահի այցելության մասին հարցը թերեւս իրեն ուղղեք: Ինչ վերաբերում է Իրանին, ապա մինչ այժմ Իրանը, ի տարբերություն, օրինակ, Թուրքիայի, թեեւ անմիջական մասնակցություն չի ունեցել, իր հավասարակշռված դիրքորոշմամբ նպաստավոր դեր է ունեցել Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: Անշուշտ, Իրանն իր շահերն ունի... Հայաստանի խնդիրն է՝ հնարավորինս հստակ պատկերացնել, ձեւակերպել եւ փորձել պաշտպանել սեփական շահը, այլ ոչ թե տրվել հոսանքներին»: Հարցին, թե ինչպես է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումները, Օսկանյանը արձագանքել է. - «Ամենից շատ ինձ մտահոգում է Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը կարգավորման գործընթացին եւ այն հանգամանքը, որ հայ-թուրքական գործընթացը առավել բարդացրել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը: Հիմա մեր ողջ ներուժը պետք է ուղղվի այդ գործընթացները տարանջատելու եւ այդ ընթացքում նաեւ բանակցություններում մեր իրավունքները պաշտպանելու բավական բարդացած խնդրի լուծմանը»:

Իսկ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «Հայք»-ի լրագրողի հարցին, թե hավանական համարո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, պատասխանել է. - «Հանրապետականներն ամբողջ հասարակությանն անընդհատ վախեցնում են, թե ձեզ հանգիստ պահեք, թե չէ Ռոբերտ Քոչարյանը հետ կգա ու ձեզ համար շատ վատ կլինի: Կարծես, 2003թ. իրենք չէին պաշտպանում Ռոբերտ Քոչարյանին: Բացի այդ, ցանկացած քննադատություն հանրապետականները փորձում են հասցեագրել Քոչարյանի ուղղությամբ, կարծես, իրենք այդ ընթացքում իշխանության մաս չէին կազմում եւ խորհրդարանում մեծամասնություն չէին: Որեւէ վախենալու բան չունեմ Քոչարյանի վերադարձից: Այսուհանդերձ, համարում եմ, որ այսօրվա դրությամբ Քոչարյանը վերադարձի որեւէ շանս չունի: Այդպիսին է հասարակության տրամադրությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG