Մատչելիության հղումներ

Հայաստանում նշվեց Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրը


Լեհաստան - Այցելուներ Օսվենցիմի համակերտրոնացման ճամբարի մուտքի մոտ: 27-ը հունվարի, 2010թ.
Լեհաստան - Այցելուներ Օսվենցիմի համակերտրոնացման ճամբարի մուտքի մոտ: 27-ը հունվարի, 2010թ.

ՄԱԿ-ի որոշմամբ, հունվարի 27-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած հրեական ցեղասպանության՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակի օր: 1945 թվականի հունվարի 27-ին է ազատագրվել Օսվենցիմի (Աուշվիցի) համակետրոնացման ճամբարը: Հայաստանի փոքրաթիվ հրեական համայնքն էլ հիշատակի արարողություն անցկացրեց Երեւանում Հոլոքոսթի զոհերի հուշաքարի մոտ:

Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը վերհիշում էր իր ընտանիքների պատմությունը:

Տիկին Բերգման-Պետրոսյանը, օրինակ, պատմում էր, իր մոր բազմանդամ ընտանիքից, որ ապրում էր Ուկրաինայում, միայն իր մորն է հաջողվել փրկվել, մյուսներն ընկել էին Օսվենցիմի ճամբար:

«Մայրս նույնիսկ նրանց թաղման վայրը չգիտեր», - ասաց նա:

Հայերի համար, թերեւս, առավել ըմբռնելի է հրեա ժողովրդի ողբերգությունը, քանի որ հայերն իրենք էլ վերապրել են Ցեղասպանության սարսափը: Զարմանալիորեն, սակայն, հայերից շատ քչերն էին այսօր մասնակցում արարողությանը:

Ազգային ժողովի պատգամավոր («Ժառանգություն») Լարիսա Ալավերդյանը, ով ամեն տարի մասնակցում է հիշատակի արարողությանը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մենք խոնարհվում ենք անմեղ զոհերի հիշատակի առջեւ: Եվ շատ լավ է, որ Հայաստանում կա այսպիսի վայր, որտեղ մենք կարող ենք մեր համամարդկային այս ողբը, համամարդկային հիշողությունը, համամարդկային պահանջատիրությունը... արտահայտենք եւ միավորվենք»:

Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը, խոսելով այն մասին, որ Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտից ներկայացուցիչներ չկային, ասաց. - «Իրենք պիտի այստեղ լինեին: Չէ որ յուրաքանչյուր ոք պիտի նպաստի մարդկության դեմ տեղի ունեցած նման հանցագործությունների կանխարգելմանը... Իսկ հիշողությունը կանխարգելման լավագույն ձեւն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG