Մատչելիության հղումներ

Թուրքիան ուզում է, որ «արձանագրություններում ամրագրված բոլոր տարրերը ուժի մեջ մտնեն միաժամանակ»


Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ Թուրքիան առաջընթաց քայլ կկատարի այն ժամանակ, երբ համոզվի, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը չի հակասում երկկողմ արձանագրությունների բովանդակությանն ու փիլիսոփայությանը: Առայժմ Երեւանից հնչող հայտարարությունները Թուրքիային չեն համոզում. այդ մասին երեքշաբթի օրը թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Եթե Թուրքիայի իշխանությունները համոզվեն, որ [Հայաստանի] Սահմանադրական դատարանի որոշումը չի հակասում կողմերի միջեւ նախապես ձեռք բերված համաձայնություններին եւ չի փոխում արձանագրությունների բովանդակությունը, ապա Անկարան եւս առաջընթաց քայլ կկատարի դրանց վավերացման ուղղությամբ», -ասել է Դավութօղլուն եւ ընդգծել. - «Մենք Հայաստանից հստակ բացատրություններ ենք ակնկալում Սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ»։

Ընդգծելով, որ պաշտոնական Անկարան դրական է գնահատում դատարանի որոշումը, համաձայն որի արձանագրությունները չեն հակասում Հայաստանի Սահմանադրությանը՝ Դավութօղլուն միաժամանակ քննադատել է որոշման բացատրական մասը՝ պնդելով, որ այն «սահմանափակող դրութներ եւ նախապայմաններ է պարունակում»:

«Մենք դեմ ենք, որպեսզի նախապայմաններ դրվեն կամ նախապատվություն սահմանվի արձանագրություններում ամրագրված դրույթներից մեկի կամ մյուսի նկատմամբ», - ասել է Դավութօղլուն եւ մանրամասնել. - «Մենք չենք կարող ասել՝ եկեք բացենք սահմանը, հետո քննարկենք մյուս հարցերը: Դա հակասում է արձանագրությունների փիլիսոփայությանը։ Մենք ուզում ենք, որպեսզի արձանագրություններում ամրագրված բոլոր տարրերը ուժի մեջ մտնեն միաժամանակ»։

Հակադարձելով պաշտոնական Երեւանից հնչող քննադատությանը, թե Թուրքիան փորձում է ձգձգել կարգավորման գործընթացը՝ Դավութօղլուն ասել է. - «Անկարան երբեւէ նման ռազմավարություն չի որդեգրել եւ չի ձեռնարկել որեւէ քայլ, որ կարող է խոչընդոտել արձանագրությունների վավերացմանը, մինչդեռ Հայաստանը մինչ օրս փաստաթղթերը խորհրդարան չի ուղարկել, թեեւ դրանց ստորագրումից արդեն 3-4 ամիս է անցել»։

«Մենք ստորագրել ենք արձանագրությունները հոկտեմբերի 10-ին, 20-ին արդեն Թուրքիան դրանք ուղարկել է խորհրդարան՝ վավերացման։ Եվ թեեւ ընթացակարգը նման բան չէր պահանջում, այդուամենայնիվ, ես ինքս եմ գնացել Ազգային ժողով՝ Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնությունների շուրջ բացատրություններ ներկայացնելու համար եւ լուրջ քննադատության եմ արժանացել ընդդիմության կողմից։ Դա, սակայն, նորմալ գործընթաց է ժողովրդավարական երկրներում», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը եւ ընդգծել. - «Երկու կողմերում էլ որոշ շրջանակներում կան ընդդիմախոսներ, սակայն Թուրքիան երբեւէ չի մտածել մեկնաբանություններ կցել արձանագրություններին, որոնք իրականում ձեւափոխում են դրանց բովանդակությունը»։

«Թե' Հայաստանում, թե' Թուրքիայում որոշ շրջանակների մոտ կարող են լինել դժգոհություններ՝ արձանագրություններում ամրագրված դրույթների վերաբերյալ, սակայն այդ դժգոհությունները չպետք է ամրագրվեն իրավական փաստաթղթերում։ Մենք ակնկալում ենք Հայաստանի իշխանություններից դեմ կանգնել այդ քննադատությանը եւ պաշտպանել այն, ինչի շուրջ մենք համաձայնության ենք եկել», - շարունակել է Դավութօղլուն։

«Բանակցություններին աջակցող միջնորդ երկրները եւս պետք է ըմբռնեն, թե որքան կարեւոր է շարունակել բանակցային գործըթացը՝ առանց դրան վնասող հայտարարությունների եւ փաստաթղթերի», - ընդգծել է նա ու նշել, որ այս հարցի շուրջ արդեն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ եւ մտադիր է շարունակել զրույցը այսօր Լոնդոնում՝ Աֆղանստանին նվիրված միջազգային գագաթնաժողովում:

«Թուրքիան վճռական է տրամադրված հարաբերությունները կարգավորելու հարցում, մենք սկսել ենք այս գործընթացը՝ ունենալով երեք հիմնական նպատակ, եւ մտադիր չենք դրանցից հրաժարվել», - հայտարարել է Դավութօղլուն՝ հավելելով, թե պաշտոնական Անկարան հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը թե' արձանագրությունները ստորագրելուց առաջ, եւ թե' հետո: - «Մենք մշտապես հայտարարել ենք, որ հարաբերությունները կարգավորելիս երեք հիմնական նպատակ ենք հետապնդում. Առաջին՝ լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, երկրորդ՝ ձերբազատվել հայ եւ թուրք ժողովուրդների նախապաշարումներից, ապահովել երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնում եւ երկխոսություն, որպեսզի նրանք լուծեն երկկողմ հարաբերություններում առկա բոլոր խնդիրները՝ որքան էլ որ բարդ լինեն դրանք, եւ կարողանան հաղթահարել պատմական խոչընդոտները։ Եվ երրորդ՝ ճանապարհ բացել Հարավային Կովկասում կայուն եւ հարատեւ խաղաղություն հաստատելու համար»։

«Չնայած վերջին շրջանում ի հայտ եկած դժվարություններին՝ մենք պետք է սառնասրտություն ցուցաբերենք», - շարունակել է Թուրքիայի արտգործնախարարը: - «Միշտ էլ հնչել են քննադատություն, կարծիքներ, որ այս գործընթացը փակուղի է մտել, կամ որ այն ոչ մի տեղ չի տանում։ Նույն մթնոլորտն էր տիրում նաեւ անցած տարի հուլիսին, սակայն երբ անցած հոկտեմբերին արձանագրությունները ստորագրվեցին, բոլորը զարմանք ապրեցին։ Դիվանագիտությունը համբերություն է պահանջում եւ քայլ առ քայլ աշխատանք»:

Հարցին, թե ինչ կպատահի, եթե ամերիկյան կոնգրեսը կրկին բարձացնի Հայոց ցեղասպանության հարցը, Դավութօղլուն արձագանքել է. - «Անշուշտ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած անակնկալի: Այուամենայնիվ, ես նման զարգացում չեմ սպասում: Ակնհայտ է, որ եթե Միացյալ Նահանգներում կամ կոնգրեսում ինչ-որ փաստաթուղթ ընդունվի, որը կմեղադրի Թուրքիային, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կձախողվի՝ չնայած մինչ օրս այդ ուղղությամբ ներդրված բոլոր ջանքերին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG