Մատչելիության հղումներ

Դաշնակցական պատգամավորը քննադատում է կառավարության գործունեությունը


Ազգային ժողովի պատգամավոր Արա Նռանյանի (ՀՅԴ) համոզմամբ, Հայաստանի կառավարությունը «տապալել է գործունեությունը բոլոր ոլորտներում»:

Չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը Նռանյանը պնդեց, որ 2009 թվականի արդյունքներով Հայաստանի տնտեսության անկումը դոլարային արտահայտությամբ կազմել է 27 տոկոս:

Ըստ պաշտոնական վիճակագրության, հիշեցնեն, անցած տարի երկրում Համախառն ներքին արդյունքի անկումը կազմել է 14,4 տոկոս: Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) լրագրողներին ասաց, թե կանխատեսված 9,2 տոկոս տնտեսական աճի փոխարեն 14,4 տոկոս անկումը նշանակում է, որ Հայաստանում դեռ չեն սովորել ճիշտ կանխատեսումներ անել ճգնաժամային պայմաններում:

Կառավարությունը, Նշանյանի խոսքով, մեծածավալ վարկերը ստանալով պարզապես սպասում է միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի ավարտին:

«Կառավարությունը հաջողացրեց շատ կարճ ժամանակահատվածում տապալել գործունեությունը բոլոր ոլորտներում», - հայտարարեց դաշնակցական պատգամավորը: - «Ասել միայն, թե՝ եթե մենք գործ չանեինք, անկումը կլիներ ավելի մեծ, դա, կարծում եմ, մի քիչ այնքան էլ ճիշտ չէ: Ի վերջո ռեկորդային անկման համար պետք է լուրջ պատասխան տալ: Միջոցառումների գրեթե հարյուր տոկոսը նախկինում ծրագրված միջոցառումներ են եւ որեւէ կապ չունեն հակաճգնաժամային քաղաքականության հետ: Եվ կարող ենք փաստել, որ կառուցվածքային փոփոխություններ չեն արվում»:

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը այս պնդմանը հակադարձեց, թե ճգնաժամի պայմաններում կառավարության որդեգրած ընդլայնողական քաղաքականությունը «ճիշտ էր եւ արդյունավետ»: Ինչ վերաբերում է կառուցվածքային փոփոխություններին, ապա դրանց արդյունքները, փոխնախարարի խոսքով, կերեւան ավելի ուշ. - «Երկարաժամկետ քաղաքականություն է իրականացվում... Կառուցվածքային փոփոխությունները նշանակում է նաեւ մեր բոլորի վարքագծի փոփոխություն: Արդյո՞ք դա կարող ենք մենք ընդամենը կես տարվա ընթացքում իրականացնել: Բնականաբար՝ ոչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG