Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայաստանը Իրանին ընկալում է որպես վստահելի գործընկեր»


Սերժ Սարգսյանը ողջունում է Մանուչեհր Մոթաքիին, Երեւան, 27-ը հունվարի, 2010
Սերժ Սարգսյանը ողջունում է Մանուչեհր Մոթաքիին, Երեւան, 27-ը հունվարի, 2010

Հայաստանը Իրանին ընկալում է որպես վստահելի գործընկեր եւ տարածաշրջանում առանցքային նշանակություն ունեցող երկիր: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` չորեքշաբթի օրը ընդունելով Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիին, ով Հայաստանում է հայ - իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:

«Երկկողմ հարաբերությունների զարգացումը, խորացումը բխում է մեր շահերից», - ասել է Սերժ Սարգսյանը:

Իրանը պատրաստ է որեւէ ձեւով իր օգնությունը առաջարկել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերներին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ուղղությամբ», - ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մանուչեհր Մոթաքին` նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ անցյալ շաբաթ Իրան այցելությանը՝ Մոթաքին նախ հաստատեց, որ Հայաստանի երկրորդ նախագահին ինքն էր հրավիրել Իրան, հավելեց, որ Քոչարյանը եղել է Սպահանում եւ Թեհրանում, որտեղ էլ հանդիպել է նախագահ Ահմադինեջադի եւ իր հետ:

«Բարեկամները, երբ հանդիպում են, խոսում են իրենց բարեկամության մասին, խոսում են համագործակցության ոլորտների մասին, խոսում են անցյալի լավ հուշերի մասին եւ քննարկում են ապագայի հեռանկարները», - ասաց նա:

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում ստորագրվել են հուշագրեր՝ նիստի փոխըմբռնման հուշագիրը եւ Իրան - Հայաստան ներդրումային կոմիտե ստեղծելու մասին հուշագիրը:

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով նույնպես մասնակցում էր լրագրողների հետ հանդիպմանը, ասաց, որ նիստում քննարկվել են երեք հիմնական հարցեր՝ Իրան - Հայաստան երկաթգծի հարցը, Արաքսի ՀԷԿ-ի հարցը եւ Իրան - Հայաստան նավթատարի կառուցման հեռանկարը:

Երկաթգծի հետ կապված, ըստ նախարարի, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տեխնիկատնտեսական աշխատանքների ավարտից հետո, եւ երբ հայկական կողմը կլուծի ֆինանսական ապահովման խնդիրները, միաժամանակ պետք է սկսվի երկաթուղու շինարարությունը: Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել այս հարցում ֆինանսապես օգնել Հայաստանին:

Հիմնական տեխնիկատնտեսական ապահովման աշխատանքները, նախարարի խոսքով, ավարտված են նաեւ ՀԷԿ-ի մասով. - «Համաձայն փոխընմբռման հուշագրի, տրված է երկու ամիս ժամկետ, որպեսզի վերջնական ուսումնասիրությունները ավարտվեն եւ վերջնական լուծումները ներկայացվեն հաստատման»:

«Նավթամթերքատար խողովակաշարի եւ տերմինալի մասով ավարտման փուլում են գտնվում տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները: Քննարկման արդյունքում պարոն Մոթաքիի հետ որոշվեց լրացուցիչ եւս երկու ամիս ժամկետ տալ՝ բոլոր նուրբ հարցերը վերջնականապես քննարկելու եւ վերջնական լուծումները ներկայացնելու համար», - եզրափակեց Արմեն Մովսիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG