Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան. «Հայաստանը Իրանին ընկալում է որպես վստահելի գործընկեր»


Հայաստանը Իրանին ընկալում է որպես վստահելի գործընկեր եւ տարածաշրջանում առանցքային նշանակություն ունեցող երկիր: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիին, ով Հայաստանում է հայ - իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:

«Երկկողմ հարաբերությունների զարգացումը, խորացումը բխում է մեր շահերից», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա բարձր մակարդակի երկխոսության եւ անցկացվող խորհրդատվությունների կարեւորությունը` ասելով. - «Ես ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա ապրիլին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իմ այցելությունը եւ տպավորված եմ այնտեղ ունեցած հանդիպումներով»:

Իրանի արտգործնախարարը Սերժ Սարգսյանին է փոխանցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ողջույնները:

Մանուչեհր Մոթաքին գոհունակություն է հայտնել միջկառավարական հանձնաժողովի երեւանյան նիստում քննարկված խնդիրների ու կայացված որոշումների կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում շեշտվել է երկու երկրների միջեւ առկա բարեկամական բազմաբովանդակ հարաբերությունները խորացնելու առկա քաղաքական կամքը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ նախորդ տասնամյակում կատարված մեծածավալ աշխատանքը, ինչպես նաեւ էներգետիկ, ենթակառուցվածքների եւ այլ բնագավառներում նախանշված խոշոր նախաձեռնությունների իրագործումը էապես կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնմանը եւ նոր խթան կհանդիսանա հայ - իրանական բարեկամության խորացման համար: «Նախատեսված խոշորամասշտաբ ծրագրերի իրագործումը էապես կփոխի մեր տնտեսական գործակցության պատկերը», - ընդգծել է նա:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման հայկական նախաձեռնությանը, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հրատապ խնդիրներին, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարներին:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերվող հավասարակշռված մոտեցման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG