Մատչելիության հղումներ

Ուկրաինայում նախագահական ընտրարշավը մտավ վճռորոշ փուլ


Նախընտրական քարոզչությունը Կիեւում
Նախընտրական քարոզչությունը Կիեւում

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից 10 օր առաջ, ընտրապայքարը շարունակող նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը եւ ներկայիս վարչապետ Յուլիա Տիմոշենկոն երկու հիմնական խնդրի վրա են կենտրոնացել` փորձում են դաշինք կազմել պայքարից դուրս մնացած թեկնածուների հետ, ինչպես նաեւ անում են հնարավորը` վարչական ռեսուրսը իրենց ձեռքում կենտրոնացնելու համար:

Այս առումով առաջին հաջողությունն է արձանագրել Տիմոշենկոն: Ուկրաինայի խոշորագույն մարզերից մեկի` Խարկովի նահանգապետ, հայազգի Արսեն Ավագովը, ով համարվում էր գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ամենահավատարիմ թիմակիցներից մեկը, երկուշաբթի օրը հայտարարել է, որ երկրորդ փուլում աջակցելու է գործող վարչապետին: Ավագովի այս քայլը պաշտոնից հեռացող Յուշչենկոյի աշխատակազմում որպես դավաճանություն են որակել, քանի որ ընդամենը մի քանի օր առաջ Յուշչենկոն բոլոր նահանգապետներին հրահանգել էր փետրվարի 7-ի քվեարկությունից առաջ չհամագործակցել թեկնածուներից եւ ոչ մեկի հետ` լիակատար չեզոքություն պահպանելով:

Ինչ վերաբերում է պայքարից դուրս մնացած թեկնածուներին` այստեղ հիմնական պայքարը ծավալվել է քվեարկության առաջին փուլում 13 տոկոս հավաքած Սերգեյ Տիգիպկոյի ընտրազանգվածի շուրջ: Երեքշաբթի օրը Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ Տիգիպկոյին պաշտոնապես առաջարկել է իր հաղթանակի դեպքում ստանձնել վարչապետի պաշտոնը:

Ընտրությունների առաջին փոլում երրորդ տեղը զբաղեցրած գործիչը Տիմոշենկոյի շտաբի հետ բանակցությունների փաստը չի հերքել: «Իրոք, Յուլիա Տիմոշենկոյի կողմից նման առաջարկ հնչել է: Մենք բանակցությունները դեռ չենք ավարտել, բայց իմ նախնական պատասխանը բացասական է: Ես երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուներից եւ ոչ մեկին աջակցելու ցանկություն չեմ ունեցել եւ այսօր էլ այդ մոտեցմանն եմ հակված», - հայտարարել է Տիգիպկոն:

Քվեարկության երկրորդ փուլից առաջ ընտրողներին ուղղորդելը եւս Տիգիպկոն սխալ է համարում:

«Իմ օգտին մտածող եւ խոհեմ մարդիկ են քվեարկել, այնպես որ` չեմ կարծում, որ ես իրավունք ունեմ նրանց ուղղորդել` կոչ անելով քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին: Մարդիկ օժտված են ընտրելու իրավունքով, եւ նրանց հարկավոր է թույլ տալ, որպեսզի օգտվեն դրանից», - հայտարարել է Սերգեյ Տիգիպկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG