Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման հանդես կգա իր առաջին ամենամյա ուղերձով


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր երեկոյան Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում՝ օրենսդիրների, կառավարության անդամների, բարձրաստիճան հյուրերի եւ ժողովրդի առջեւ հանդես կգա իր առաջին ամենամյա ուղերձով: Սպիտակ տան ղեկավարը կամփոփի նախորդ տարվա ձեռքբերումներն ու կորուստները, կներկայացնի առաջիկա ծրագրերը։

Փորձագետների համոզմամբ, մասնավորապես, Օբաման կանդրադառնա արտաքին հարաբերություններին, ահաբեկչության դեմ պայքարին, սակայն ելույթի առանցքում կլինի տնտեսությունը. թեեւ վերջին ամիսներին այն սկսել է առողջացման նշաններ ցույց տալ, այդուամենայնիվ, գործազրկության ցուցանիշը շարունակում է մնալ ռեկորդային բարձր` ամերիկացիների շուրջ 10 տոկոսն այժմ աշխատանք է փնտրում:

«Նախագահն իր ելույթում մի շարք գաղափարներ եւ ծրագրեր կներկայացնի՝ այն մասին, թե ինչ անել տնտեսությունը ամուր հիմքերի վրա դնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու եւ միջին խավն ամրապնդելու համար», - ուղերձից առաջ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը։

«Մենք պետք է վերականգնենք միջին խավի վստահությունը ապագայի հանդեպ, որպեսզի վաղը, երբ տնտեսությունը վերագտնի իր նախկին թափը, ամերիկացիները կարողանան իրականություն դարձնել իրենց երազանքները», - նախօրեին հայտարարել է Բարաք Օբաման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG